Մայքլ Ջեքսոնը՝ Forbes–ի վարկածով ամենահարուստ հանգուցյալ աստղ

12:05   13 հոկտեմբերի, 2016

Forbes–ը վերջին ժամանակներս նախանձելի կայունությամբ մեզ ուրախացնում է տարբեր վարկանիշային աղյուսակներով։ Մենք արդեն գիտենք, թե ով է ամենահարուստ հեռուստատեսային դերասանուհին (Սոֆյա Վերգարա), դերասանը (Ջիմ Փարսոնս), ամենաբարձր վարձատրվող երգիծաբանը (Քեւին Հարթ)։ Որքան մոտենում է տարեվերջը, այնքան հաճախ է հեղինակավոր պարբերականը հաշվետվություններ ներկայացնում եւ վարկանիշներ հրապարակում։

Ամսագիրն այս անգամ ներկայացրել է 2016–ի ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշը։ Ցուցակում տեղ են գտել այս տարի վախճանված երաժիշտներ Փրինսն ու Դեւիդ Բոուին։

Վարկանիշը գլխավորում է (ինչպես եւ 2015–ին) փոփի արքա Մայքլ Ջեքսոնը՝ 825 մլն դոլար։

Երկրորդ տեղում է կոմիքսների հեղինակ Չարլզ Շուլցը՝ 48 մլն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է գոլֆի խաղացող Առնոլդ Փալմերը՝ 40 մլն դոլար։

Չորրորդ տեղում է ռոքընռոլի արքա Էլվիս Փրեսլին՝ 27 մլն դոլար, հինգերորդը՝ երգիչ Փրինսը՝ 25 մլն դոլար, վեցերորդ հորիզոնականում է երաժիշտ Բոբ Մառլին՝ 21 մլն դոլար։

Նրանց հաջորդում են գրող Թեոդոր Սյուզ Գեյզելը՝ 20 մլն դոլար, երաժիշտ Ջոն Լենոնը՝ 12 մլն դոլար եւ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը՝ 11.5 մլն դոլար։

Մոդել Բեթի Փյջը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը՝ 11 մլն դոլար։ Դեւիդ Բոուին 11-րդ տեղում է՝ 10.5 մլն դոլար, 12-րդ հորիզոնականը բաժին է հասել դերասան Սթիվ Մաքուինին՝ 9 մլն դոլար, 13-րդը դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորն է՝ 8 մլն դոլար։



© NEWS.am STYLE