Lumière Festival կինոփառատոն. Քվենթին Տարանտինոն հայտնել է 70-ական թվականների ոճով նոր ֆիլմի մասին

15:49   14 հոկտեմբերի, 2016

Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Lumière Festival կինոփառատոնը, որի գլխավոր հյուրը Քվենտին Տարանտինոն էր։ Վերջինն, ի դեպ, առաջին անգամը չէ այցելում փառատոնը։ 2013–ին նա նույնպես եղել էր Լիոնում։

Ֆիլմի դիտումից բացի, Քվենտինն անսպասելիորեն վարպետության դասեր է տվել սկսնակ ռեժիսորների համար, որն աստիճանաբար վերածվել է հայտնի պրոդյուսերի մամուլի ասուլիսի։

«4 տարի է՝ մտածում եմ մի նախագծի շուրջ։ Շուտով կսկսեմ 70-ական թվականների ոճով նոր ֆիլմ նկարել։ Ընդհանուր առմամբ, ես շտապելու տեղ չունեմ, ես միշտ ֆինանսավորում եմ իմ նախագծերը»,– ասել է 53-ամյա Քվենտինը։

«Պատրաստվում եմ ես գի՞րք գրել։ Միգուցե։ Դա 6 մասից բաղկացած վե՞պ է լինելու։ Հնարավոր է։ Ես հիմա փորձում եմ հասկանալ, թե կոնկրետ ինչ»,– ասել է ռեժիսորը։

Տարանտինոյի վերջին ֆիլմը՝ «Զզվելի ութնյակը», լույս էր տեսել 2015–ին։ Այն ժամանակ ռեժիսորը հայտարարել էր, որ պատրաստվում է եւս 2 ֆիլմ նկարահանել եւ թոշակի անցնել։

Աղբյուրը՝ allocine.fr



© NEWS.am STYLE