Կյանքից հեռացել է արքայադուստր Լիլիանը

12:51   12 մարտի, 2013

97-րդ տարեկանում Ստոկհոլմում կյանքից հեռացել է շվեդական արքայադուստր Լիլիանը:

The Guardian-ի փոխանցմամբ, արքայադստեր մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա տառապում էր Ալցգեյմերի հիվանդությամբ: Լիլիանը ծնվել է 1915 թվականին, Ուելսում (Մեծ Բրիտանիա): 25 տարեկանում նա ամուսնացել է դերասան Այվան Քրեյգի հետ: Ամուսնությունից 3 տարի անց Լոնդոնում հանդիպել է շվեդական արքայազն Բերտիլին: Նրանց սիրավեպը Շվեդիայի թագավորական ընտանիքը խնամքով թաքցնում էր, քանի որ դրա հետեւանքով Բերտիլը կարող էր կորցնել գահի նկատմամբ իրավունքը: Բերտիլն ու Լիլիանը կարողացան ամուսնանալ միայն 1976 թվականին: «Եթե ստիպված լինեի ամփոփել իմ կյանքը, կասեի, որ ապրել եմ միայն իմ սիրո համար: Նա մեծ մարդ է, եւ ես նրան սիրում եմ»,- 1995 թվականին խոստովանել է Լիլիանը:



© NEWS.am STYLE