NEWS.am STYLE Exclusive. Հոլիվուդյան դերասան Մայքլ Գուրջյանը՝ Հայաստան գալու, նոր գրքի եւ Ռոբերտ Դե Նիրոյի հետ նկարահանվելու մասին

11:05   17 հոկտեմբերի, 2016

Հոլիվուդում նկարահանվող ամերիկահայ հայտնի դերասան Մայքլ Գուրջյանի մասին արդեն պատմել ենք` ներկայացնելով նրա հետ մեր բացառիկ հարցազրույցը, որտեղ Մայքլը պատմում էր Քրիստիան Բեյլի, Մորգան Ֆրիմանի, Քըրք Դուգլասի եւ հոլիվուդյան այլ մեծությունների հետ իր համագործակցությունների մասին: Դերասանը նաեւ նշել էր, որ հեղինակել է «Բեաթրիս» վերնագրով մի նովել:

Հոկտեմբերի 26-ին Մայքլը, վերջապես, երկրպագուների դատին կհանձնի իր նոր գիրքը, որը, սակայն, վերանվանվել է եւ այժմ կոչվում է What Lies Beyond The Stars («Ինչ կա աստղերի ետեւում»):

Նոր գրքի եւ իր առաջիկա աստղային համագործակցության մասին Մայքլ Գուրջյանն առաջինը պատմեց NEWS.am STYLE-ին:

-Մայքլ, մեր նախորդ զրույցի ընթացքում նշել էիք, որ գիրքը, որի վրա այդ ժամանակ աշխատում էիք, կոչվում է «Բեաթրիս»: Հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիք վերանվանել այն: 

-Հրատարակիչն այդպես որոշեց: Նրա կարծիքով` դա գրքի համար ավելի ձգող վերնագիր է: Սկզբում մի փոքր կասկածում էի, բայց հիմա ինձ ամեն ինչ դուր է գալիս: 

-Որքա՞ն ժամանակ եք աշխատել այս գրքի վրա:

-Այս գրքի վրա մոտ 4 տարի աշխատել եմ: Այդ ընթացում պահեր են եղել, երբ մտածել եմ ամեն ինչ թողնել եւ հանձնվել, քանի որ գիրք գրելն, իրոք, դժվար գործընթաց է, բայց հիմա անչափ հպարտ եմ արդյունքով: 

-Կարճ կներկայացնե՞ք, թե ինչի մասին է գիրքը: 

-Ես, սովորաբար, ասում եմ, որ այս գիրքը գիտափիլիսոփայական ժանրի է: Այն պատմում է Սան Ֆրանցիսկոյի եւ Սիլիկոնե հովտի տեխնոլոգիական զարգացումների մասին, որոնց կիզակետում մի տղամարդ է: Նա փորձում է պայքարել տեխնիկայի պատճառով մարդկանց միջեւ ծագած հեռավորությունների դեմ: Չէ ՞որ, մեր կյանքը հիմա լցված է տեխնիկայով եւ ամենուրեք միայն էկրաններ են: Այդ տղամարդը սկսում է երազել այն ժամանակների մասին, երբ նա դեռ փոքր էր, երբ չկային համակարգիչներ եւ նա վերադառնում է իր ծննդավայրը, որը կոչվում է Մանդեսինո` սա հրաշալի վայր է` Հյուսիսային Կալիֆորնիայում: Այնտեղ նա հանդիպում է մի կնոջ, որին մանուկ ժամանակ էր ճանաչում, բայց այսօր նա վստահ չէ` դա նա է, թե ոչ: Առեղծվածային շատ բաներ կան այս նովելում. սա նաեւ սիրո պատմություն է: 

-Մայքլ, քանի որ նաեւ դերասան եք, պրոդյուսեր եւ ռեժիսոր, հնարավո՞ր է, որ այդ ստեղծագործության հիման վրա նաեւ ֆիլմ նկարահանեք: 

-Ճիշտն ասած` ստեղծագործությունը գրվել է որպես սցենար: Տարիներ առաջ այն գրելով` ցույց տվեցի հրատարակիչներից մեկին, որն ինձ առաջարկեց վերածել այն գրքի: Ես այդպես էլ արեցի, իսկ հիմա արդեն մտածում եմ դրա հիման վրա ֆիլմ ստեղծելու մասին:

Ինչ վերաբերում է  ֆիլմի վերնագրին` դեռ չգիտեմ` արդյոք այս դեպքում էլ կփոխենք վերնագիրը, թե ոչ: Այն դեռեւս կոչվում է «Բեաթրիս»: Երբ ավելի շատ տեղեկություն լինի ֆիլմի մասին, խոստանում եմ կիսվել ձեզ հետ:

-Գիրքը հայ ընթերցասերներին հասանելի կլինի՞: 

-Հուսով եմ, որ այդպես կլինի: Այս պահին հստակ ոչինչ չեմ կարող ասել, բայց Հայաստանում մի ընկեր ունեմ, որի հետ կապ կհաստատեմ եւ կխոսենք գրքի հնարավոր թարգմանության մասին: Կարծում եմ` հրաշալի կլինի:

Գիտեմ, որ գիրքը վաճառվելու է Անգլիայում եւ Եվրոպայի մի շարք այլ երկրներում: Անպայման կաշխատեմ այն ուղղությամբ, որ այն թարգմանվի նաեւ հայերեն: 

-Իսկ Հայաստան այցելելու ծրագրեր չունե՞ք: 

-Օհ, շատ կցանկանայի գալ Հայաստան: Հիմա, երբ արդեն վերջացրել եմ գրքիս աշխատանքները, կարծում եմ, արժանի եմ ճանապարհորդության: Երեւանը հրաշալի վայր կլինի հանգստանալու համար: Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ կգանք Հայաստան: Այդտեղ շատ ընկերներ ունեմ, որոնց վաղուց չեմ տեսել: Արդեն 10 տարի է` չեմ եղել Հայաստանում, ինձ շտապ անհրաժեշտ է վերադառնալ: 

-Բացի գրքից` էլ ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում այս շրջանում:

-HBO հեռուստաալիքն աշխատում է մի ֆիլմի վրա, որտեղ գլխավոր դերում հանդես են գալիս Ռոբերտ Դե Նիրոն եւ Միշել Փֆայֆերը: Այն կոչվում է Wizard of Lies («Ստի վարպետը») եւ պատմում է ամերիկացի գործարար Բերնի Մեդոֆի եւ նրա ֆինանսական բուրգի մասին: Ես եւս նկարահանվել եմ այդ ֆիլմում:

Ինչ վերաբերում է աշխատանքային այլ նորություններիս` նշեմ, որ What Lies Beyond The Stars գիրքն ունենալու է շարունակություն: Այնպես որ` առաջիկայում դեռ աշխատելու եմ այդ գրքի վրա: 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE