Թուփաք Շաքուրի մեդալիոնը վաճառվում է 125 հազար դոլարով

15:25   17 հոկտեմբերի, 2016

1996 թվականին հայտնի ռեփեր Թուփաք Շաքուրի դեմ մահափորձ կատարեցին: Բայց դրանից երկու տարի առաջ՝ 1994թ. նոյեմբերի 30-ին, կարեւոր դեպք տեղի է ունեցել: Նյույորքյան Quad ստուդիայի ճեմասրահում Թուփաքին են մոտեցել երկու երիտասարդներ եւ, ատրճանակով սպառնալով, 40 հազար դոլար արժողությամբ թանկարժեք իրեր հափշտակել եւ հինգ անգամ կրակել: Երկու գնդակ դիպել է Թուփաքի աճուկին, երկուսը՝ գլխին, մեկն էլ ձեռքն է խոցել: Միջադեպի համար մեղադրեցին նյույորքյան ռեփերներ The Notorious B.I.G.-ին, Puff Daddy-ին եւ նրանց ընկերներին: Դրանից հետո էլ հայտարարվեց ամերիկյան հիփ-հոփի հայտնի պատերազմը:

Արձակված գնդակներից մեկը դիպել է ռեփերի մեդալիոնին, որն էլ հիմա վաճառքի է հանվել: Ըստ TMZ-ի՝ Moments In Time խանութը դրա համար 125 հազար դոլար է պահանջում:

Այն ութանկյուն ոսկե կախազարդ է՝ ադամանդակուռ թագի պատկերով, իսկ ներքեւի հատվածը գնդակի հետեւանքով վնասված է: Խանութի սեփականատեր Գարի Զիմեթը հայտարարել է, որ զարդի վաճառքից ստացված միջոցների մեծ մասը փոխանցվելու է ռեփերի ընտանիքին, որը խանութին տրամադրել է մեդալիոնը:

Սակայն կայքի լրագրողները կապ են հաստատել ռեփերի ընտանիքի անդամների հետ եւ պարզել, որ նրանք կտրականապես դեմ են վաճառքին:

«Ոչ ոք իրավունք չունի վաճառել Թուփաքի անձնական իրերը: Մենք հայց ենք ներկայացնելու խանութի եւ մեդալիոնը գնողի դեմ»,- հայտարարել են երաժշտի ընտանիքի ներկայացուցիչները՝ չպարզաբանելով, թե այդ դեպքում ինչպես է զարդը հայտնվել խանութում:



© NEWS.am STYLE