Նորաոճ մատնահարդարում. գարուն 2013

16:57   12 մարտի, 2013

Վերջին տարիներին մատնահարդարումը դադարել է աքսեսուար լինել, ինչպես պայուսակը կամ շարֆը, եւ վերածվել է անփոխարինելի բաղադրիչի, առանց որի կերպարը չի կարող ավարտուն համարվել: NEWS.am STYLE-ն առաջարկում է 2013 թվականի գարնան համար մի քանի նորաձեւ տարբերակներ, որոնք ձեր գարնանային կերպարը կդարձնեն կատարյալ:

Չեզոք

Չեզոք մանիկյուրն այն է, որ նորաձեւ է միշտ: Այս տարի դրանք կարճ կամ միջին երկարությամբ եղունգներն են՝ մարմնագույն երանգներով կամ առանց լաքի: Քիչ բան է այդքան կանացի եւ շքեղ տեսք ունենում, որքան եղունգների թեթեւ երանգը: Հենց նման չեզոք մանիկյուրն էլ տեսողականորեն երկարացնում է եղունգներն ու մատները: Կրեմագույն, արեւահարության ոսկեգույն եւ ծիրանագույն. սրանք այս տարվա չեզոք մանիկյուրի նորաձեւ երանգներն են:

Մետաղական

Նոր սեզոնում մետաղական գույնը թագավորելու է ամենուր. պայուսակներին, կոշիկներին եւ հատկապես եղունգներին: Եղունգի մեջտեղի մետաղական գիծը հիմքային մանիկյուրը երանգավորելու նոր միջոց է, որ ոճաբաններն առաջարկում են այս գարնանը: Եվս մի հետաքրքիր միտում է մետաղական մանիկյուրի համադրումը չեզոքի հետ: Կարող եք օգտագործել ձեր նախընտրած մետաղական երանգը. ոսկի, արծաթ, բրոնզ: Կարեւորը, որ այն կիրառվի հետաքրքիր եւ ստեղծագործաբար:

Երկու երանգ

Color blocking միտումը, որի նպատակը մի քանի վառ գույների համադրությունն է, գերակշռում էր անցյալ ամբողջ սեզոնի նորաձեւ հագուստում: Այս գարնանն այն իր համարժեքն է գտել մատնահարդարման մեջ: Խնդիրը մի քանի հակադիր գույները մեկ եղունգի վրա օգտագործելն է, ինչի շնորհիվ համարձակ տեսողական արդյունք է ստացվում: Մասնագետները նաեւ առաջարկում են եղունգի ծայրը միայն կիսալուսնաձեւ ներկել կամ մակերեսին հակադիր եռանկյունիներ տարածել:

Բծավոր

Տարածված հարթ եղունգներից հետո, այս սեզոնին տեքստուրան կրկին վերադառնում է: Ավելի շատ ճանաչում են ձեռք բերում նման լաքերը, որոնց շնորհիվ եղունգները կկվի ձու են հիշեցնում: Բազային շերտին հակադրվող տարատեսակ երանգներով բծերը մանիկյուրին բնական տարր են հաղորդում:

Չնայած արհեստական աճեցումը դեռեւս նորաձեւ է, այս գարնանը նախընտրելի են կարճ եւ միջին երկարությամբ եղունգները. 4-5 սմ: Խորհուրդ չի տրվում փորձեր կատարել խարտոցի միջոցով. քառակուսին կամ օվալը 2013-ի գարնան նախընտրություններն են: Սեզոնի հիմնական միտումը բնականությունն է: Դե իսկ ձեր ընտրած եղունգների ոճն ընդգծելուն կօգնեն նորաձեւ մատանիներն ու ապարանջանները:



© NEWS.am STYLE