Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը

15:34   18 հոկտեմբերի, 2016

Նախօրեին արեւմտյան լրատվամիջոցների առաջին էջերը հեղեղված էր Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի նախկին թիկնապահի հարցազրույցից հատվածներով։ Թիկնապահը Հոլիվուդի ամենաաստղային զույգի մասին որոշ գաղտնիքներ էր բացահայտել։

Բրեդն ու Էնջին հիմա ամուսնալուծվում են, եւ աստղերին ոչ ոք վերջին շրջանում չէր տեսել։ Երեկ Ջոլին վերջապես հայտնվեց ET Online–ի  լրագրողների տեսախցիկների կենտրոնում, եւ մենք կարող ենք տեսնել Էնջիի թեկուզեւ լղոզված նկարը։

Ջոլիին «բռնացրել էին» Մալիբուում, որտեղ նա զննում էր նոր ընտանեկան բնակարանը։ Անջելինային ուղեկցում էին նրա եղբայր Ջեյմս Հեյվենը եւ 5 երեխաները՝ 10-ամյա Շիլոն, 11-ամյա Զահրան, 12-ամյա Փաքսը, 8-ամյա երկվորյակներ Նոքսն ու Վիվիենը։ Երեխաներից ավագին՝ 15-ամյա Մեդդոքսին, լրագրողները չեն ֆիքսել։ Ընտանիքն այդ տանը ավելի քան 1 ժամ է անցկացրել։

Անվտանգությունն ապահովում էին մի քանի թիկնապահ, իսկ երեխաներին հսկում էին դայակները։

Լրագրողների խոսքով՝ Ջոլին «երջանիկ եւ հանգստացած» տեսք ուներ։

 



© NEWS.am STYLE