Ֆրանսիացիները ցուցադրել են Մատիսի թղթային ջրիմուռները

17:26   12 մարտի, 2013

Մատիսի թանգարանում բացվել է ֆրանսիացի նկարչի գունային ապլիկացիաներին նվիրված ցուցահանդեսը: Թանգարանը Մատիսի հայրենի Կատո-Կոմրեզի քաղաքում է, Ֆրանսիայի հյուսիսում:

Թանգարանի կայքի տեղեկացմամբ, ցուցահանդեսին ներկայացված են 443 թղթե ֆրագմենտներ, որոնք ֆրանսիացի նկարիչը չի օգտագործել իր աշխատանքներում: Ծառերի, թռչունների, կենդանիների բոլոր պատկերները կտրված են գուաշով ներկված թղթերից: Դրանցից Մատիսը ձեւավորում էր մեծ ֆորմատով նկարները: Դեկուպաժ կոչվող այդ տեխնիկային նկարիչը դիմել է 1940-ական թվականներին, երբ նրա առողջությունը վատացել էր: Բոլոր ցուցանմուշները թանգարանին է նվիրել նկարչի ընտանիքը:

Ցուցադրությունը կտեւի մինչեւ 2013 թվականի հունիսի 9-ը:



© NEWS.am STYLE