Քիմ Քարդաշյանի կողոպուտը. Հյուրանոցի դռնապանը պատմել է, թե ինչպես են թալանել հայուհուն

10:15   19 հոկտեմբերի, 2016

Նոր մանրամասներ Փարիզի Hôtel de Pourtalès հյուրանոցում Քիմ Քարդաշյանին կողոպտելու մասին: Բրիտանական Daily Mail-ը բացահայտել է հանցագործության գիշերը հյուրանոցում հերթապահած դռնապանի անունը:

Նա երկար ժամանակ մամուլին չէր ասում անունը, բայց պարբերականին տված հարցազրույցում ալժիրցին Աբդուլռահման անունով է ներկայացել եւ պատմել հյուրանոցի անվտանգության համակարգի եւ այն մասին, թե ինչպես են ոստիկանների հագուստով գողերը կողոպտել Քիմ Քարդաշյանին:

«Կողոպուտի մեջ հյուրանոցն է մեղավոր: Ես այստեղ աշխատում եմ ավելի քան վեց տարի: Եվ ամբողջ ընթացքում դռների վրա միայն մեկ անվտանգության կոդ է եղել: Այն երբեք չեն փոխել: Հիմա էլ կոդը նույնն է, ինչ Քիմին կողոպտելու գիշերը: Բակում տեսահսկման խցիկ կա, որը երբեք չի աշխատել, իսկ անվտանգության պահպանություն չի եղել: Ես նրանց բազմիցս զգուշացրել եմ, որ հարկավոր է մտածել հաճախորդների անվտանգության մասին, բայց նրանք ուշադրության չեն դարձրել դրան»,- հայտարարել է 39-ամյա դռնապանը:

«Կողոպուտի օրն ինձ ձեռնաշղթա հագցրեցին եւ ստիպեցին իրենց խոսքերն անգլերեն թարգմանել՝ մինչ Քիմը կապված պառկած էր: Այդ օրն անվտանգության պահպանությունն ընդհանրապես չարձագանքեց: Նրանք հատուկ էին ընտրել պահը: Ոստիկանի հագուստով երեք տղամարդ մոտեցան մուտքի ապակե դռանը:

Նրանք կանչեցին ինձ, իսկ երբ մոտեցա, ձեռնաշղթա հագցրեցին: Խմբից երկուսը դիմակով էին, իսկ երրորդը մինչեւ աչքերը բարձրացրել էր օձիքը: Մի պահ մտածեցի, որ ոստիկանական ստուգում է: Բայց հետո, երբ հարցրին, թե որտեղ են տեղադրված տեսահսկման խցիկները, հասկացա, որ գողություն է: Հանցագործներն ինձ մի քանի անգամ սպառնացին եւ հրամայեցին չնայել իրենց դեմքերին: Գողերից երկուսը զինված էին: Ինձ ստիպեցին բարձրանալ Քիմի սենյակ եւ թարգմանել իրենց պահանջները: Նրանց հանեցին անկողնուց, կապեցին ձեռքերն ու ոտքերը եւ նետեցին լոգարանի հատակին: Եթե ինչ-որ բան այն չլիներ, վախենամ՝ մեզ կսպանեին»,- ասել է բռնապանը:

«Ես ձեռնաշղթաներով էի մինչեւ առավոտյան ժամը 5-ը, քանի որ ֆրանսիական ոստիկանները չկարողացան բացել դրանք: Իսկական ոստիկանությունն իրեն այնքան էլ պրոֆեսիոնալ չէր դրսեւորում:

Ոչ ոք չհարցրեց իմ ինքնազգացողությունը, ոչինչ չարվեց, ո՛չ խորհրդատվություն, ո՛չ հոգեբանական օգնություն չեղավ, չնայած ես դրա կարիքն ունեի՝ հոգեկան հավասարակշռությունս վերականգնելու համար»,- դժգոհել է հյուրանոցի տուժած աշխատակիցը:



© NEWS.am STYLE