Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքը՝ Հայկոյի կատարմամբ (Տեսանյութ)

11:17   19 հոկտեմբերի, 2016

YouTube-ի MARS MEDIA ալիքում հայտնվել է Ռուսաստանում հայ հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի տեսահոլովակը։ Սաունդրեքի հեղինակը երգիչ Հայկոն է, որն էլ հենց կատարում է այն 1988-ի դեկտեմբերի 7-ին կատարված ողբերգական երկրաշարժի մասին պատմող ֆիլմի դրվագների հիման վրա նկարահանված հոլովակում։  

Հիշեցնենք, որ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը վերջին շրջանում ամենաքննարկվածներից մեկն է։ Կինոնկարը սկզբում ներկայացվել էր «Օսկար» ամենամյա 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում։ Եվ մինչ համացանցում քննարկում էին, թե ինչ սկզբունքով է Հայաստանի ազգային կինոակադեմիան հենց «Երկրաշարժն» առաջադրել, հայտնի դարձան այն 85 ֆիլմերի անունները, որոնք կշարունակեն իրենց պայքարը տվյալ անվանակարգում, եւ այդ ցուցակում, ցավոք, հայկական արտադրության ֆիլմը չէր ընդգրկվել։

Այնուհետեւ ֆիլմի ստեղծագործական կազմը հայտարարություն տարածեց՝ տեղկացնելով, որ ֆիլմը չի ընդգրկվել լավագույն 85-ի մեջ այն պատճառաբանությամբ, որ կինոնկարի ստեղծման վրա աշխատել են շատ ռուսներ, եւ «Օսկարի» առաջադրման համար քիչ են հայերը։ Իհարկե, հայկական կողմը ուղարկել էր համապատասխան փաստաթղթեր, սակայն այդ դիմումը հավուր պատշաճի չի գրանցվել։



© NEWS.am STYLE