Ինչո՞ւ են մարմնի վրա պզուկներ առաջանում

19:06   5 նոյեմբերի, 2016

Մարմնի վրա պզուկների առաջացման պատճառները

Առավել հաճախ հանդիպող պատճառների թվում առաջին հերթին պետք է նշել ժառանգականությունը: Բավական հաճախ մարմնի վրա բազմաթիվ պզուկները կարելի բացատրել փոխանցվող ծակոտիների արատով, նաեւ դրանց բնական մաքրման ֆունկցիայի խանգարմամբ:

Ճարպագեղձերի ուժգին աշխատանքը: Այսինքն՝ ծակոտիներն ինտենսիվորեն փակվում են մաշկային ճարպով, որն իր հերթին հրահրում է կոմեդոնների առաջացում: Մաշկային ծածկույթը վատ է շնչում, դառնում է անհավասար եւ անհարթ, երեւան են գալիս բորբոքումներ:

Սինթետիկ գործվածքներ: Ժամանակակից հագուստները ոչ միշտ են պատրաստվում բնական եւ որակյալ գործվածքներից: Առանձնապես վտանգավորների թվում են՝ պոլիէսթերը, ակրիլը, պոլիամիդը եւ այլն: Այս ոչ բնական կոմպոնենտները խանգարում են մաշկին նորմալ շնչել, մաշկի ծածկույթի վրա կեղտ եւ քրտինք է կուտակվում: Արդյունքում ճարպազատման մեծացման հետեւանքով տեղի է ունենում ծակոտիների խցանում: Ի դեպ, հարկ է հրաժարվել նաեւ իրանը կիպ գրկող հագուստներից: Կիպ իրերի պատճառով առաջացած ճնշումը եւ շփումը եւս մաշկի վրա առանձնապես դրականորեն չի ազդում:

Սթրես: Գեղձերի աշխատանքին մասնակցող հորմոնների արտադրման վրա ազդում է նաեւ նյարդային լարվածությունը: Հետեւաբար՝ ավելի լավ է նյարդերը խնայել:

Կոպիտ եւ հաճախակի պիլինգը: Անվերջ մաքրումները վնասում են էպիթելերը, այն կորցնում է պաշտպանությունը, եւ պզուկները կարող են երեւան գալ կրկնակի ուժով:

Ինչպես ազատվել մարմնի վրայի պզուկներից

Մարմնի վրա առաջացած պզուկների բուժումն ավելի դժվար է, քան դեմքի վրա առաջացողներինը: Քանի որ մարմնի մաշկն ավելի հաստ է եւ հագուստի հետ մշտական սերտ շփման մեջ է: Այդ պատճառով, եթե մաշկի վիճակը շատ վատ է, ավելի լավ է մասնագետի դիմել:

Պզուկների դեմ կարելի է նաեւ ինքնուրույն պայքարել: Օրինակ՝ պզուկները լավ են բուժում մանգանա-կալիական լոգանքները: Այն պատրաստելու համար անհրաժեշտ է տաք ջրով լոգնոցի մեջ մանգանա-կալիական մի քանի բյուրեղիկ լուծել: Պետք է ստացվի բաց վարդագույն լուծույթ: Լոգնոցի մեջ պառկիր մոտ 15 րոպե: Այն պետք է կրկնել մեկ օր հետո: Լոգանքից հետո չարժե սրբիչով ինտենսիվ չորանալ, այլապես ինֆեկցիան կարող է տարածվել ամբողջ մարմնի վրա: Պարզապես ջուրը ցամաքեցրու եւ բնական ճանապարհով չորացիր:

Ինչ վերաբերում է արեւային լոգանքներին եւ սոլյարիին՝ դրանց մասին ավելի լավ կլինի մոռանալ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկը կարող է իրավիճակը միայն խորացնել: Արժե խուսափել նաեւ մերսման յուղերից, դրանք եւս խցանում են ծակոտիները եւ ունակ են բորբոքված մաշկի վիճակը վատացնելուն:

Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հատուկ դիետայի հետեւել: Սննդաբաժնից բացառիր ճարպոտ, ապխտած եւ քաղցր մթերքները, ավելի շատ բանջարեղեն եւ միրգ կեր, սովորություն դարձրու թարմ ճզմած հյութեր խմելը եւ ավելի շատ բջջանյութ օգտագործելը:

 

Աղբյուրը՝ Womanday.ru



© NEWS.am STYLE