Մեծ Բրիտանիան Տաջիկստանին է նվիրել Օքսի գանձերի կրկնօրինակները

18:44   12 մարտի, 2013

Բրիտանական թանգարանը Տաջիկստանին է նվիրել իր 6 ցուցանմուշների կրկնօրինակները, որոնք առնչվում են, այսպես կոչված, Ամուդարինյան գանձարանին եւ հայտնի են նաեւ որպես Օքսի գանձեր:

Տաջիկստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, Բրիտանիան փոխանցել է փորագրված արծաթե արձանիկի եւ ոսկյա հինգ դեկորատիվ ցուցանմուշի կրկնօրինակներ, որոնք ներառված են Օքսի գանձերի հավաքածուում: Ամբողջ հավաքածուն ընդգրկում է ավելի քան 180 ցուցանմուշ ոսկուց եւ արծաթից: Փոխանցված ցուցանմուշները ցուցադրվելու են Տաջիկստանի Ազգային թանգարանում: Ցուցադրության բացումը նախանշված է առաջիկա օրերին: Տաջիկստանի թանգարանի աշխատակիցները նաեւ կվերապատրաստվեն Բրիտանական թանգարանում:

Հիշեցնենք, որ 2007 թվականին Տաջիկստանը դիմել էր Բրիտանական թանգարանին, խնդրելով Օսքի գանձերը ցուցադրել Դուշանբեում, սակայն մերժում էր ստացել:



© NEWS.am STYLE