Բերգամոյում ամենամեծ շոկոլադե բուտերբրոդն են պատրաստել

21:01   12 մարտի, 2013

Իտալական Բերգամո նահանգի Պոնտե-Սան-Պիետրո քաղաքում 121.5 մետր երկարությամբ պանինո - շոկոլադե բուտերբրոդ են պատրաստել:

The Epoch Times-ի փոխանցմամբ, բուտերբրոդը պատրաստվել է «Շոկոլանդիա» ամենամյա փառատոնի շրջանակում, որը Բերգամոյում անցկացվում է արդեն 5-րդ անգամ: Այս տարի փառատոնին մասնակցել են ավելի քան 10 հազար հյուրեր: Առաջին շոկոլադե պանինոն 40 մետր երկարություն ուներ, իսկ անցյալ տարի այն կազմել է 120 մետր: Ավանդույթի համաձայն, երբ ռեկորդն արձանագրվում է, բուտերբրոդը բաժանում են կտորների եւ հյուրասիրում ներկաներին:

Փառատոնին, սակայն, միայն սուպեր-բուտերբրոդի պատրաստմամբ չեն զբաղվել: Կազմակերպվել եւ անցկացվել են տարբեր մրցույթներ, թատերական ներկայացումներ, վարպետության դասընթացներ: Իրենց շոկոլադե արտադրանքն են ներկայացրել 60 վարպետներ Իտալիայի այլ շրջաններից, այդ թվում եւ Լոմբարդիայից, Վենետոյից եւ Պիեմոնտից:



© NEWS.am STYLE