Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք. Շերի հայրենասիրական գրառումը «Խոստում» ֆիլմը դիտելուց հետո

11:25   22 հոկտեմբերի, 2016

Աշխարհահռչակ ամերիկյան երգչուհի Շերը վերջերս բավական ակտիվացել է։ Սկզբում 70-ամյա աստղը հայտարարեց, որ նոր՝ հրաժեշտի համերգային շրջագայություն է սկսելու (չնայած վերջին համերգաշարի մասին հանրահայտ երգչուհին հայտարարել էր դեռեւս 2002-ին), իսկ հիմա հայրենասիրական գրառում է կատարել Twitter-ում։

Սիրված երգչուհին դիտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) եւ ստացած տպավորությունների մասին գրել սոցցանցերում։

«Այս գիշեր դիտել եմ «Խոստում»-ը։ Այն իրական պատմություն է, թե ինչպես են թուրքերը 1915-ին կոտորել 1.5 միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք»,- մեծատառերով  գրել է Շերը։

Հիշեցնենք, որ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությունը  կայացել է սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Եվ այդ օրից հազարավոր մարդիկ «լծվել» են ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին.

«Տորոնտոյի կինոփառատոնի օրերին բողոքի ակցիաներ չեղան, բայց «Խոստում»-ի առաջին ցուցադրությունից հետո 70000 օգտատեր Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) նշել են, որ «իրենց դուր չի եկել ֆիլմը»։ Սակայն դա պարզապես հնարավոր չէր, քանզի այդքան մարդ դեռ չի դիտել ֆիլմը։ Կինոթատրոնում այդքան տեղ չկար»,- ավելի վաղ Variety-ի հետ զրույցում նշել էր ֆիլմի պրոդյուսերներից Մայք Մեդեվոյը։

 



© NEWS.am STYLE