Ֆիլմը վարկաբեկելու ջանքերի շնորհիվ ԱՎԵԼԻ ՇԱՏ մարդ իմացավ դրա մասին. Reddit-ի հայ հիմնադիրը՝ «Խոստում»-ի մասին

12:20   27 հոկտեմբերի, 2016

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) շարունակում է մնալ քաղաքական ինտրիգների կիզակետում։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրքական քարոզչությունը լծվել է ֆիլմը տարբեր հարթակներում վարկաբեկելու գործին։

«Խոստում»-ը Ինտերնետային ֆիլմադարանում (Internet Movie Database – IMDb) գնահատել է ավելի քան 86000 օգտատեր, որոնցից 55 հազարը ամենացածր՝ 1 գնահատական են տվել ֆիլմին՝ ակնհայտորեն ցույց տալով, որ կատարվել է քաղաքական քվեարկություն։ Սեպտեմբերի 11–ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆիլմի պրեմիերայից հետո կինոնկարն ունեցել է ընդամենը երեք ցուցադրություն, եւ այդքան մարդ դեռ հասցրել դիտել այն։

Ամերիկյան Reddit-ի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանն այս մասին բարձրաձայնել է Facebook-յան իր էջում՝ նշելով, որ թուրքական քարոզչության «շնորհիվ» այժմ ավելի լայն զանգվածներ տեղեկացան «Խոստում»-ի մասին.

«Շատ մարդիկ ԻՍԿԱՊԵՍ չեն ցանկանում դիտել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը։ Այն ունի մոտ 90000 գնահատական, որոնց 60%-ը 1 է գնահատել ֆիլմը՝ չնայած երեք ցուցադրություն է եղել։

Ֆիլմը վարկաբեկելու ու դիտողականությունը նվազեցնելու այս ջանքերը ԱՎԵԼԻ ՄԵԾ պատմություն հյուսեցին ֆիլմի ուրջ եւ ԱՎԵԼԻ ՇԱՏ մարդ իմացավ դրա մասին»,- գրել է Օհանյանը։

Նշենք, որ ֆիլմը դիտելու հնարավորություն է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Շերը, որն իր կարծիքը արտահայտել էր Twitter-ում.

«Այս գիշեր դիտել եմ «Խոստում»-ը։ Այն իրական պատմություն է, թե ինչպես են թուրքերը 1915-ին կոտորել 1.5 միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք»,- մեծատառերով  գրել էր Շերը։



© NEWS.am STYLE