Քենդալ Ջենները կհայտնվի Victoria's Secret–ի շոուին

17:22   27 հոկտեմբերի, 2016

Դեկտեմբերի 5-ին Փարիզում տեղի կունենա Victoria’s Secret-2016-ի ցուցադրությունը։ The Victoria's Secret Fashion Shows–ի ցուցադրությունները սովորաբար ընթանում են Նյու Յորքում, բայց այս անգամ շոուն որոշել են կազմակերպել Եվրոպայում, որտեղ ցուցադրությունը մինչեւ հիմա միայն 2 անգամ է տեղի ունեցել՝ 2000-ին՝ Կաննում եւ 2014-ին՝ Լոնդոնում։

Ինչու են կազմակերպիչները որոշել Փարիզում կազմակերպել ցուցադրությունը, հայտնի չէ, սակայն նրանք արդեն հիմա խոստովանում են, որ շոուն կարող է ահաբեկիչների թիրախում հայտնվել։

Այս պահին հայտնի է, որ պոդիում կբարձրանան Ադրիանա Լիման, Ալեսսանդրա Աբրոսիոն, Լիլի Օլդրիջը, Էլզա Հոսկը, Ժասմին Տուկը, Լաիս Ռիբեյրոն, Մարթա Հանթը, Սառա Սամպայոն, Ստելլա Մաքսվելը, Թեյլոր Հիլլը։

Ժասմին Տուկսը, որը նորեկ է, կներկայացնի Fantasy Bra կրծկալը։

Իր մասնակցությունը շոուին հաստատել են նաեւ Ջիջի Հադիդն ու Քենդալ Ջենները։

 «Պոդիմում բարձրանալը ոչ մի բանի հետ չես համեմատի։ Ես ուրախ եմ հայտնել, որ այս տարի վերադառնում եմ Victoria's Secret–ի շոու։ Շնորհակալ եմ Էդ Ռեազեկին, որ նա նորից ինձ թույլ տվեց վերադառնալ շոու, որը իմ գլխավոր մոտիվացիան է, չէ՞ որ ես նրա ֆանատն էի, երբ դեռ դեռահաս էի։ Եվ շնորհակալություն, որ այդ երազանքը կկատարվի ինձ համար նորից։ Ես միշտ դրա համար երախտապարտ կլինեմ։ Չեմ համբերում, թե երբ է գալու այն պահը, երբ ես կմիանամ գեղեցիկ եւ ոգեշնչող կանանց, որոնք կմասնակցեն շոուին։ Կհանդիպենք Փարիզում»,– Instagram–ում գրել է 21-ամյա Ջիջին։

Ի դեպ, Ջիջիի 20-ամյա քույրը՝ Բելլան, նույնպես պոդիում կբարձրանա։

ET Online-ը գրում է, որ Քենդալ Ջենները նույնպես կմասնակցի ցուցադրությանը։



© NEWS.am STYLE