Հավ` «արեւելյան» ձեւով կամ հավի կրծքամիս՝ մեղրով ու քնջութով․NEWS.am STYLE -ի բաղադրատոմսը

18:31   30 հոկտեմբերի, 2016

Ինչպես ընկեր Սուխովն էր ասում՝ Արեւելքը նուրբ հարց է։ Այդպես էլ կա, եւ արեւելյան խոհանոցը, որը ես որոշել եմ ուսումնասիրել, բացառություն չէ։ Հերթական անգամ իմ ընտրությունը կանգ առավ մի հասարակ ու միաժամանակ նրբահամ ճաշատեսակի բաղադրատոմսի վրա։ Հույս ունեմ, որ արեւելյան խոհանոցի սիրահարները այն ըստ արժանվույն կգնահատեն։

Եվ այսպես, արեւելյան հավի պատրաստման համար ձեզ պետք է

Հավի կրծքամիս՝ 500գ

Սոյայի սոուս՝ 4 ճաշի գդալ

Մեղր ՝ 2 ճաշի գդալ

Բուսական յուղ ՝ ըստ ճաշակի

Սխտոր՝ 4 հատիկ

Սեւ պղպեղ՝ ըստ ճաշակի

Կարրի՝ ըստ ճաշակի (բայց ես չեմ հավելել)

Աղացած կոճապղպեղ՝ ըստ ճաշակի (ես թարմ կոճապղպեղ եմ օգտագործել)

Հավի կրծքամիսը կտրատեք ըստ մասնաբաժինների։ Մանրացրեք սխտորն ու կոճախղպեղը։

Հավի կրծքամսի վրա լցրեք աղ, սեւ պղպեղ, կոճապղպեղ ու կարրի։

Հավելեք սոյայի սոուսը։ Լավ խառնեք կրծքամիսը բոլոր համեմունքների հետ, թողեք մարինացվի մոտ մեկ ժամ։

Տապակի մեջ տաքացրեք բուսական յուղը ու ավելացրեք մեղր։

Սպասեք, մինչեւ մեղրը հալվի ու զգուշորեն խառնեք այն բուսական յուղի հետ, որպեսզի տարածվի ամբողջ տապակով մեկ։ Հավի կրծքամիսը դրեք տապակի մեջ ու տապակեք ցածր կրակի վրա՝ մինչեւ երկու կողմից ոսկեգույն կեղեւ առաջանա։

Պատրաստման վերջում հավի վրա լցրեք մի բուռ քնջութի սերմեր, խառնեք։ Մի քանի րոպեից հանեք կրակի վրայից։ Կերակուրը պատրաստ է։ Այն հոյակապ կհամադրվի բրնձի հետ։


Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE