Կցանկանայի, որ այդ վհուկը ծառայեր միայն բարությանը. Ջուսը՝ NEWS.am STYLE-ի հելոուինյան ֆոտոշարքում

11:08   31 հոկտեմբերի, 2016

Հելոուինն այն միջազգային տոներից է, որը վերջին տարիներին մեծ շուքով եւ ակտիվությամբ նշվում է նաեւ Հայաստանում: Դիմակներ, կերպարանափոխություններ,  ոչ ավանդական դիմահարդարում՝ այս ամենի մասնակիցը տարին մեկ անգամ դառնում են նաեւ հայ երիտասարդները:

Այսօր էլ հենց այդ օրն է, երբ շատերը փնտրելու են իրենց մտացածին կերպարներին:

NEWS.am STYLE-ը եւս որոշեց հետ չմնալ թեմայից եւ իր ընթերցողներին ներկայացնել «Հելոուին» թեմայով խենթ ֆոտոշարք: Իսկ որպես ֆոտոշարքի հերոսուհի տեսանք ամենախենթ եւ կերպարային Ջուսին: Երգչուհին սիրով լուսանկարվեց մեր կայքի համար, ինչպես նաեւ պատասխանց մեր հարցերին.

«Մանուկ ժամանակ ընդհանրապես չգիտեի այս տոնի մասին: Միշտ սպասում էի Նոր տարվան, որպեսզի կերպարանափոխվեի արքայադստեր: Երեւի բոլոր երեխաներն էլ սիրում էին Նոր տարվա տոնին կերպարանափոխվել: Կարելի է ասել, որ Հելոուինը ինչ-որ տեղ նման է Ամանորին»,-նշեց նա՝ հավելելով, որ այս տոնին պետք չէ շատ լուրջ վերաբերվել.

«Սա ինձ համար բեմականացում է, նման է մի մեծ թատրոնի, որտեղ յուրաքանչյուրը տարվա մեջ մեկ անգամ կարող է կերպարանափոխվել»:

Ֆոտոշարքում Ջուսը ներկայանում է վհուկի կերպարով: Ասում են՝ յուրաքանչյուր կնոջ մեջ ինչ-որ չափով կան վհուկի հատկանիշներ: Հետաքրքիր էր իմանալ՝ արդյո՞ք երգչուհին կիսում է այս կարծիքը.

«Այո, կարծում եմ՝ դա այդպես է, բայց կցանկանայի, որ այդ վհուկը ծառայեր միայն բարությանը»,-նշեց նա:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է ամենահամարձակ երգչուհին վերաբերվում իր կերպարների շուրջ տարածված խոսակցություններին: Չէ՞ որ, նրա այս կերպարն էլ, հաստատ, քննարկման թեմա է դառնալու շատերի համար.

«Կարծում եմ՝ քննարկում են նրանց, ովքեր հետաքրքիր են. ես դրան վերաբերվում եմ դրական եւ հումորով»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիմահարդար՝ Ասյա Աճեմյան

Վարսահարդար՝ Սերժ Հարությունյան



© NEWS.am STYLE