Սեքսուալ լինելը Հնդկաստանում դրական չի ընդունվում. Այշվարիա Ռայը նշում է ծննդյան 43-ամյակը

17:09   1 նոյեմբերի, 2016

Բոլիվուդյան գեղեցկուհի, որն ամբողջությամբ փոխեց հնդկուհիների մասին բոլոր կարծրատիպերը: 1994 թ-ին «Միսս աշխարհ» տիտղոսին արժանացած Այշվարիա Ռայն այսօր նշում է ծննդյան 43-ամյակը:

Հնդկուհին այսօր էլ համարվում է գեղեցկության խորհրդանիշ: Կարելի է ասել՝ նա Հնդկաստանի համար նույնն է, ինչ Քիմ Քարդաշյանը Հայաստանի համար: Նրա միջոցով աշխարհն ավելի շատ է լսում Հնդկաստանի մասին, ավելի մեծ հետաքրքրությամբ է մոտենում այդ պետությանն ու մշակույթին:

Գեղցկուհին իր հմայքով նվաճել է նաեւ Հոլիվուդը, սակայն ինչպես ինքն է ասում՝ դա իր համար նպատակ չէր, այլ հետաքրքիր փորձարկում:

Այշվարիա Ռայի մյուս հայտնի եւ անհայտ մտքերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Ես, պարզապես, հանձն եմ առնում այն, ինչը տվյալ ժամանակաշրջանում ինձ մոտ լավ է ստացվում եւ տվյալ գործում դրսեւորվում եմ լավագույն ձեւով»:

«Կյանքը յուրաքանչյուրիս էլ փորձությունների է ենթարկում: Մենք վիրավորվում ենք, ծերանում… ես եւս միշտ չէ, որ գեղեցիկ եմ մնալու: Ի վերջո, դա չէ աշխարհում կարեւորագույն բանը»:

«Ես այն մարդկանցից եմ, որոնք միշտ իրենց հարմարավետ են զգում սեփական կաշվի մեջ: Պարզապես, փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ»:

«Սեքսուալ լինելը Հնդկաստանում դրական չի ընդունվում: Բայց օր օրի զարգացող նորաձեւության ոլորտի եւ մոդելների ի հայտ գալու հետ այդ ամենը սովորական երեւույթ է դարձել»:

«Անկեղծ ասած՝ այս աշխարհում ոչինչ ինձ չի հոգնեցնում: Եղել է այնպես, որ օր ու գիշեր աշխատեմ, չքնեմ, բայց միտքս, միեւնույն է, դրական է տրամադրված լինում»:

«Ես միշտ համոզված եմ եղել, որ լռությունն իմ լավագույն զենքն է»:

«Ես այն տեսակը չեմ, որը սիրում է բղավել իր հաջողությունների մասին»:

«Ես սովորական կին եմ՝ սովորական հոգսերով»:

«Ես գոհ եմ իմ տեսքից, անգամ երբ այն տարիների ընթացքում փոխվում է, դա ինձ համար ընդունելի եւ սովորական երեւույթ է»:

«Եթե լինում է ինձ համապատասխան դեր, ես սիրով համաձայնվում եմ նկարահանվել տվյալ ֆիլմում, բայց ինքս երբեք չեմ խնդրում այս կամ այն կերպարին մարմնավորել»:

«Ինձ համար Հոլիվուդը նպատակ չէր, այլ պարզապես հետաքրքիր փորձարկում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE