Ադելը՝ Vanity Fair–ի շապիկին. Հետծննդաբերական դեպրեսիան այն է, երբ չես ուզում երեխայիդ հետ լինել

15:41   1 նոյեմբերի, 2016

Երեկ մենք իմացանք, որ Ադելը նշանվել է Սայմոն Քոննեկիի հետ հինգ տարվա հարաբերություններից հետո։ Զույգը մտադիր չէ դրա շուրջ մեծ աղմուկ բարձրացնել։

Իսկ այսօր հայտնի է դարձել, որ 28-ամյա հանրահայտ երգչուհին կհայտնվի Vanity Fair–ի դեկտեմբերյան համարում, որին տված հարցազրույցում պատմել է իր հետծննդաբերական դեպրեսիայի մասին 4 տարի առաջ որդու՝ Անջելոյի ծնվելուց հետո։

Բրիտանուհին հայտնել է, որ երեխայի ծնունդը համարում էր «իր կյանքի վատագույն որոշումը»։

«Ինձ վախեցնում էր այդ վիճակը։ Հետծննդաբերական դեպրեսիան այն է, երբ չես ուզում լինել քո երեխայի հետ, վախենում ես նրան վնաս պատճառել։ Քեզ անընդհատ թվում է, որ դու ինչ-որ բան այն չես անում»,- պատմել է Ադելը իր անկեղծ հարցազրույցում։

Ադելը անկեղծ խոստովանել է, որ դեպրեսիա է տարել ու հաճախ է դիմել թերապիայի օգնությանը։ Աստղի խոսքով, խնդիրները սկսվել են պապիկի մահվանից հետո, երբ Ադելը 10 տարեկան էր։ Ընդ որում նա շեշտել է, որ երբեք ինքնասպան լինելու մասին չի մտածել։

Ադելի խոսքով հիմա ինքն արդեն վերականգնվել է, բայց դեռ փորձում է հավասարակշռել աշխատանքն ու անձնական կյանքը։

«Ես սիրում եմ ճամփորդել, բայց եթե չեմ կարողանում երեխային ինքս քնեցնել, ինձ մեղավոր եմ զգում։ Երբ աշխատում եմ, նման զգացողություն չունեմ։ Չեմ անհանգստանում, որ ինչ որ բան ինքս ինձ համար չեմ հասցնում անել։ Որդուս հանդեպ սերը փոխհատուցում է ամեն ինչ»,- հավելել է երգչուհին։

Նա խոստովանել է, որ հանուն փոքրիկ Անջելոյի այլևս չի չարաշահում ոգելից խմիչքն ու ծխախոտը։



© NEWS.am STYLE