Ֆիլիպ Կիրկորովից 1 միլիոն դոլար են պահանջում գրագողության համար

16:20   2 նոյեմբերի, 2016

Ֆիլիպ Կիրկորովից մեկ միլիոն դոլար են պահանջում գրագողության համար, գրում է Life.ru-ն։ Խոսքը երգչի «Жестокая любовь» երգի մասին է, որը Կիրկորովը կատարում է 2002-ից։

Ֆրանսիական Space խմբի առաջնորդ երգահան Դիդյե Մարուանին հայց է ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան՝ ռուսական փոփ արքայի դեմ։ Անկախ փորձաքննությունը պարզել է, որ «Жестокая любовь» երգի երաժշտությունը ոչ այլ ինչ է, քան 1999-ին Դիդյե Մարուանիի հեղինակած «Symphonic Space Dream» երգի վերամշակումը եւ Ֆիլիպի կողմից դրա կատարումը որակել է գրագողություն։

Թեմատիկ նյութի փոխառության տոկոսը, մասնագետների հաշվարկով, կազմել է 31.25 տոկոս։

Ընդհանուր ստեղծագործության վերաբերյալ երաժշտական նյութի փոխառության տոկոսը 43.27 տոկոս է։

Դա հատկապես նկատելի է կրկներգում։

«Փորձագետները  եզրակացրել են, որ «Жестокая любовь» երգը Դիդյե Մարուանիի «Symphonic Space dream» ստեղծագործության ածանցյալն է, վերամշակումը»,- Ռուսաստանում Մարուանիի շահերը ներկայացնող իրավաբան Իգոր Տրունովին մեջբերում է Life.ru պորտալը։

Ֆրանսիացին հայցում պահանջում է Կիրկորովին արգելել կատարել այդ ստեղծագործությունը։ Նաեւ պահանջում է երգչից, կոմպոզիտոր Օլեգ Պոպկովից, «Ռոսիա» հեռուստաալիքից, որտեղ առաջին անգամ հնչել է երգը, Sony ձայնագրման ստուդիայից ու «Ֆիլիպ Կիրկորով փրոդաքշն» ԲԲԸ-ից 5-ական միլիոն ռուբլի գանձել ու 50 մլն ռուբլի էլ բարոյական վնասի համար։ Space-ի առաջնորդի ընդհանուր հայցային պահանջը կազմել է 75 մլն 340 հազար ռուբլի (մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար)։



© NEWS.am STYLE