Մազերը հարթեցնելու խորհուրդներ մասնագետից

16:07   14 մարտի, 2013

Գաղտնիք չէ, որ ուղիղ մազեր ունեցողները երազում են գանգուրների մասին, իսկ ալիքաձեւ վարսերի տիրուհիները նախանձում են ուղիղ մազեր ունեցողներին: Հարյուրավոր կանայք ամեն օր հարթեցնում են մազերը՝ կիրառելով տարբեր մեթոդներ, խորհուրդներ եւ տեխնոլոգիաներ, բայց ինչպե՞ս հասկանալ՝ ո՞րն է ավելի լավ ազդում: Այս հարցում մեզ կօգնի վարսահարդար Հասմիկ Դավթյանը, ով մազերը հարթեցնելու վերաբերյալ մի քանի խորհուրդ կտա:

1. Մազերը ճիշտ չորացրեք:

Մազերը հարկավոր է չորացնել արմատներից մինչեւ ծայրերը՝ մազափնջերը գլխից սանրով հեռացնելով: Որոշակի փորձ է հարկավոր, որպեսզի ամեն ինչ լավ ստացվի: Ուշադիր եղեք՝ մազերը չխճճելու եւ չպոկելու համար:

2. Ամեն դեպքում գանգրանո՞ւմ են:

Երբեմն չորացնելուց հետո էլ մազերը շարունակում են ալիքավորվել: Մազափնջին մի փոքր հարթեցնող շիճուկ քսեք եւ կրկին վարսահարդարիչով չորացրեք:

3. Ծավալ ստանալու համար սփրեյ գործածեք:

Տարածված սխալ կլինի չորացնելուց հետո մազերը նույն տեսքով թողնելը: Ծավալ ստանալու համար սփրեյ գործածեք, որը սանրվածքին ավելի կենդանի տեսք կտա:

4. Հարդուկով հարթեցնելու ժամանակ բարակ փնջեր վերցրեք:

Եթե վարսերը հարթեցնում եք հարդուկով, վերցրեք ավելի բարակ մազափնջեր, քան վարսահարդարիչով չորացնելու ժամանակ: Որքան քիչ է փունջը, այնքան արագ կուղղվի՝ մազերի վրա ջերմության առավել կենտրոնացման պատճառով: Այդ կերպ, որքան բարակ է մազափունջը, այնքան լավ է ուղղվում: Միայն թե չտարվեք եւ չվառեք մազերը:

5. Հարդուկն ամբողջ մազերը հարթեցնելու համար մի գործածեք:

Եվս մեկ սխալ է հարդուկի օգնությամբ ամբողջ մազերը հարթեցնելը: Դա կվնասի մազերը, դրանք կդարձնի չոր, դյուրաբեկ եւ կարող է հասցնել մազաթափության: Այնքան էլ հաճելի հեռանկար չէ: Այդ պատճառով նախ մազերը հարթեցրեք վարսահարդարիչով չորացնելով, հետո միայն գործածեք հարդուկն այնտեղ, որտեղ անհրաժեշտ է:

6. Մազերին շնչելու ժամանակ տվեք:

Մազերն ամեն օր մի հարթեցրեք: Դրանց վերականգնվելու եւ հանգստանալու ժամանակ տվեք: Օգտագործեք մազերի դիմակներ, ինչը կօգնի պահպանել դրանց լավ վիճակն ու տեսքը:



© NEWS.am STYLE