Խորհուրդներ նրանց համար, ովքեր սիրում են միայնության մեջ հանգստանալ

21:05   23 նոյեմբերի, 2016

Առաջինը, որ պետք է անել, տուրօպերատորի ընտրությանը լուրջ ուշադրություն դարձնելն է, որին որոշել եք հանձնել ձեր արձակուրդը կազմակերպելու հոգսը: Օրինակ՝ պայմանագիր պահանջել եւ խորհրդակցել իրավաբանի հետ:

Երկրորդ. եթե ձեզ դուր չի եկել խումբը (նման բան նույնպես կարող է պատահել), կարող եք ընդհանրապես չնկատել ձեր հայրենակիցներին, քանի որ անձնագրային հսկիչ անցակետն անցնելուց հետո բոլորը շտապում են հյուրանոցներ:

Երրորդ. եթե դիմավորող ավտոբուսը կամ մեքենան ուշանում են, կարեւորը չնյարդայնանալն է: Քայլեք սպասասրահով եւ ուշադիր լսեք ռադիոյով բոլոր հայտարարությունները: Եթե անգամ չեք հասկացել, թե ինչ են ուզում ձեզ ասել, այլ միայն ձեր անունն ու ազգանունն եք լսել, մոտեցեք տեղեկատուին: Դիմավորողը, ամենայն հավանականությամբ, այնտեղ կլինի:

Չորրորդ. եթե ոչ մի օտար լեզվի չեք տիրապետում, զրուցարան վերցրեք ձեզ հետ: Հանգստավայրերում շատ հանգիստ կարելի է բացատրվել գերմաներենի եւ անգլերենի խառնուրդով: Իսկ ընդհանրապես խոշոր ընկերությունները, որպես կանոն, ռուսախոս ուղեկցորդ են ունենում:

Հինգերորդ. եթե, Աստված մի արասցե, հիվանդացել եք, տեղեկացրեք այդ մասին ընդունարանի աշխատակցին, եւ նա բժիշկ կկանչի: Բժշկի այցի եւ դեղորայքի գումարը ձեզ պարտավոր է վերադարձնել ապահովագրական ընկերությունը:

Վեցերորդ. տհաճ իրավիճակներից խուսափելու համար ավելի լավ է գումարը պահել հյուրանոցի չհրկիզվող պահարանում, այդպես ավելի հանգիստ կլինեք: Եվ ձեզ մոտ մեծ գումարներ մի պահեք. գողեր ամենուր կան:

Յոթերորդ. ռեստորանում, նույնիսկ փոքր բիստրոյում, հարկավոր է ճաշացանկ պահանջել: Հակառակ դեպքում չեք իմանա ձեր ընտրած ուտեստի արժեքը: Թեյավճարի գումարը՝ 10-15%: Ցերեկը կարելի է նաեւ ավելի պակաս թողնել, հատկապես սրճարանում:

Ութերորդ. եթե վախենում եք, որ ձեր գումարը չի բավականացնի հեռախոսազանգերի եւ մինի-բարի համար, կարող եք պարբերաբար տեղեկանալ ձեր հաշվի մասին: Տնտեսող գերմանացիներն այդպես էլ անում են:

Եվ վերջում. եթե կինը վախենում է սեռական ոտնձգության զոհ դառնալ, կարող է հանգիստ լինել այդ հարցում. Արեւմուտքում ֆեմինիզմն իր «սեւ գործն» արել է: Նույնիսկ Արեւելքում, հատկապես զբոսաշրջային տարածված ուղղությունների երկրներում, հազիվ թե կնոջը որեւէ վտանգ սպառնա, եթե, իհարկե, նա ոչ ոքի չսադրի:

Մի խոսքով, եթե ինչ-որ մեկի հետ հանգիստը սեփական սովորույթների անվերջ ոտնահարում է՝ ժամկետներից մինչեւ ֆինանսական հնարավորություններ, եւ եթե վստահ եք, որ միայնությունը չի ձանձրացնի, մի կողմ թողեք ճանապարհի ընկերոջ որոնումները եւ հավաքեք ճամպրուկը:

 

Աղբյուրը՝ Kleo



© NEWS.am STYLE