Ի՞նչ անել, եթե ատում ես Նոր տարին եւ չես ուզում նշել այն

20:13   30 դեկտեմբերի, 2016

Կան նաեւ այդպիսի մարդիկ: Ի՞նչն է զարմանալի: Պարտադի՞ր է նմանվել բոլորին եւ սիրել այն տոնը, որը հիմնված է հռոմեացիների տարեկան հարկահանության հաշվետվության վրա (դե հա՝ տարեկան ֆինանսական հաշվետվություն):

Գուցե ես չեմ ուզում նայել հրավառություն, ժամերով լսել թուրքական մուղամով «հայկական երաժշտություն» եւ վազ տալ կանաչ ծառի շուրջը: Գուցե ես միայնակ եմ եւ վստահ, ինչպես Մեթյու ՄաքՔոնահին «Իսկական դետեկտիվում», որ «Մարդկային բանականությունը էվոլյուցիայի մեծ սխալն է: Մենք սկսեցինք փորփրել մեր ներսը, եւ բնության մի մասը նրանից մնաց մեկուսացած: Մենք արարածներ ենք, որոնք ըստ բնության օրենքների չպետք է գոյություն ունենային: Մենք էակներ ենք՝ կլանված անհատականության պատրանքով, զգայական փորձի եւ զգացմունքների այդ ավելորդությամբ, մենք ծրագրավորված ենք, որ ամեն մարդ անհատականություն է, բայց իրականում մենք ոչինչ ենք: Լավագույնը, որ մենք կարող ենք անել, որպես կենսաբանական տեսակներ՝ ընդդիմանալ ծրագրավորմանը: Հրաժարվել բազմանալուց, իրար ձեռք բռնել եւ հօդս ցնդել: Մի օր կեսգիշերին, եղբայրաբար, հրաժարվել կյանքից»:

Բայց դե, սա եւս ծայրահեղություն է, իհարկե, այդ դեպքում կարելի է ուղղակի մի լավ հարբել եւ մի շաբաթ մարդամեջ դուրս չգալ: Բայց ամեն դեպքում, ինչ անել, եթե բոլորովին չեք ուզում տոնել Նոր տարին, բայց մարդատյացությամբ չեք տառապում, եւ միաժամանակ ձեզ չի հրապուրում հեռուստացույցը՝ իր տոնական ստանդարտ մարազմով:

Եվ այսպես, եթե դուք միայնակ եք, աչքի անցկացնենք մի քանի տարբերակ.

Բամբակը խոթել ականջները եւ կարդալ մի լավ գիրք. հիանալի տարբերակ, եթե դուք գրքամոլ եք:

Բամբակը կոխել ականջները, կարդալ մի լավ գիրք եւ ընթացքում խմել ջին. այդպես կյանքը նույնիսկ իմաստ կստանա:

Բամբակը կոխել ականջները, կարդալ մի լավ գիրք, ընթացքում խմել ջին եւ ցանցում գտնել քեզ պես մի խելոքի, հրավիրել համատեղ ընթերցանության եւ ջին խմելու:

Պատրաստել թեյ, լցնել թերմոսը, վերցնել ուտելիք եւ երեւանյան ցուրտ գիշերով դուրս գալ փողոց, կերակրել մի անտուն մարդու (կարելի է կերակրել նաեւ կենդանիների):

Եթե հնարավորություն կա, սարքեք մեծ խարույկ եւ ցատկեք վրայով, իսկ զարմացած ականատեսների հարցերին ի պատասխան մեղմ ժպտացեք:

Գնացեք մի որեւէ խուլ գյուղ, անջատեք ձեզ սոցիալական ցանցերից, հեռախոսից եւ այլ, եւ այլն:

Եվ վերջապես, հաղորդակցվեք այլմոլորակայինների հետ. դրա համար պետք կլինի երեւակայություն եւ նույն այն հին, բարի ջինի շիշը:

Հրավիրեք ծանոթուհու, խմեցրեք, սեքսով զբաղվեք, իսկ առավոտյան հայտարարեք, որ դուք Ձմեռ պապն եք:

Եթե վերեւում գրված առաջարկից հրաժավեք, կստացվի որ դուք Ձմեռ պապը չեք, այլ հիմարի մեկը: Լավ է այդպես չանել: Չնայած, ով գիտի…

Գիշերը 12-ին սկսեք գայլիկոնով ինչ-որ բան ծակել: Շատ հետաքրքիր է, թե ինչ կլինի: Ամսի 31-ին բոլորը բարի են, խմած եւ հիմար, զանգեք բոլոր ծանոթներին եւ անծանոթներին եւ պարտքով փոխ խնդրեք, հավաքեք հնարավորինս շատ եւ ծլկեք երկրից:

Սարքեք պելմենի...

Կերեք...

Դուրս եկեք փողոց, տուն բերեք շան կամ կատվի ձագ: Խոսեք ձեր խնդիրների մասին: Նրանք ձեզ կհասկանան:

Կամ ոչինչ էլ մի արեք, միացրեք ինչ-որ ֆիլմ, եւ առաջ ականների վրայով...

 

Միշտ Ձեր՝ Վարդան Ժորիկով



© NEWS.am STYLE