2013 թվականի կոշիկների միտումները

16:29   14 մարտի, 2013

Հայտնի է, որ կոշիկը, ինչպես եւ հագուստը, երբեք բավարար քանակությամբ չի լինում: Իսկ ինչպիսի՞ նորություններ են ներկայացրել նորաձեւության դիզայներները Նյու Յորքի, Լոնդոնի, Փարիզի եւ Միլանի նորաձեւության շաբաթների ընթացքում:

Alexander McQueen-ն իր հավաքածուում ներկայացրել է առանց կրունկի, բայց բարձր պլատֆորմով կոշիկներ:

Dolce & Gabbana-ն իր հավաքածուում օգտագործել է կրունկի արտառոց ձեւեր՝ պատված գեղազարդ նկարներով: Նման կոշիկները կարելի է հագնել ցանցակար զուգագուլպաներով, որոնք կոշիկն ավելի նրբաճաշակ կդարձնեն:


David Koma-ն ներկայացրել է ասես քարից քանդակված դեկորատիվ կրունկով կոշիկ, որոնք գեղեցիկ են եւ շատ հարմար:


Christian Dior-ը, Oscar de la Renta-ն եւ մի քանի այլ հայտնի վարպետներ իրենց կոշիկների հավաքածուներում օգտագործել են որոշ պատկերներ՝ ստեղծելով նորաձեւ ու հարմարավետ բալետային կոշիկների շարքեր, ինչպես նաեւ բարակ շքեղ կրունկով կոշիկներ:

Ինչ վերաբերում է տաք կոշիկներին, ապա առաջիկա աշուն-ձմեռ սեզոնին նորաձեւ տեսք ունենալու համար հարկավոր է նախապատվությունը տալ բարձր երկարաճիտ կոշիկ-խողովակներին: Չնայած հարկ է նկատել, որ նորաձեւության ցուցադրություններին ներկայացվել են նաեւ ավելի կարճ եւ նեղ նմուշներ, բայց կրունկը պարտադիր պայման է: Շատ դիզայներներ իրենց նմուշներում շեշտադրել են վառ ներբանները:

Տաք կոշիկի եւս մեկ ուղղություն է բազմերանգությունը: Դիզայներներն ակնհայտորեն չեն ցանկանում, որ մենք բաժանվենք ամռան վառ գույներից եւ կենսուրախ պատկերներից:

Ինչ վերաբերում է նյութերին, ապա առաջիկա սեզոնին նորաձեւության գագաթնակետին կլինեն կտորե կոշիկները: Զարդարանքներից արդիական են ճարմանդները, գոտիները, ասեղնագործությունը, ժանյակը, գործված տարրերը, բնական եւ արհեստական մորթին` տարբեր երկարությամբ խավով:

Եվ, իհարկե, նորաձեւ հավաքածուների հաղթանակողը շարունակում է մնալ կրունկը: Բարձր, կայուն կրունկները տեղը զիջել են էլեգանտ բարակ կրունկներին:



© NEWS.am STYLE