Սլովենուհի մոդելից մինչեւ ԱՄՆ առաջին տիկին. ով է Դոնալդ Թրամփի կինը

14:32   9 նոյեմբերի, 2016

Մելանյա Թրամփը (օրիորդական ազգանունը՝ Կնավս) սլովենաամերիկյան մոդել է, որը նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում դարձավ ԱՄՆ առաջին տիկին։

Լինելով Հարավսլավիայի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետության համեստ ընտանիքներից մեկում ծնված աղջիկ՝ Մելանյան որոշում է գումար վաստակել իր գեղեցկության շնորհիվ եւ մոդելային հաջողակ կարիերա է սկսում պատանի հասակից։

18 տարեկանում առաջարկ է ստանում իտալական մոդելային գործակալություններից մեկից եւ աշխատանքի անցնում Միլանում, այնուհետեւ Փարիզում։

Որպես պահանջված մոդել՝ այժմ արդեն 46-ամյա Մելանյան զարդարել է այնպիսի հայտնի ամսագրերի էջեր, ինչպիսիք են Harper's Bazaar-ը (Բուլղարիա), Allure-ը, Vanity Fair-ը (Իտալիա), Vogue-ը, GQ-ն (Մեծ Բրիտանիա), իսկ 2000-ին Թրամփը ճանաչվել է Sports Illustrated Swimsuit Issue-ի բիկինի մոդելը։

1996-ին Մելանյան մասնակցում է Նյու Յորքի նորաձեւության շաբաթին, որտեղ էլ առաջին անգամ հանդիպում է հաջողակ գործարար Դոնալդ Թրամփին։ Նրանց միջեւ սիրավեպ է սկսվում, որի մասին հանրությունը տեղեկանում է 1999-ին։ Բայց Մելանյան ԱՄՆ-ում կացության իրավունք չուներ եւ միայն 2001-ին շահելով Գրին քարտ՝ նա վերջնականապես տեղափոխվում է ԱՄՆ, իսկ 2006-ին՝ Թրամփի հետ ամուսնանալուց հետո, դառնում ԱՄՆ քաղաքացի։

Մելանյա եւ Դոնալդ Թրամփերի ամուսնությունը տեղի է ունեցել 2005-ին։ Ապագայում ԱՄՆ 45-րդ նախագահի տիկինը հարսանեկան արարողությանը ներկայացել է Christian Dior նորաձեւության տան աշխարհահռչակ դիզայներ Ջոն Գալյանոյի մոդելավորած զգեստով՝ 200000 դոլար արժողությամբ։

Ի դեպ, զույգի հարսանիքին ներկա է եղել նաեւ նախագահի մյուս՝ արդեն պարտված թեկնածու Հիլարի Քլինթոնն ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ։

2006-ի մարտին Մելանյան Թրամփին որդի է պարգեւում՝ Բարոն Ուիլյամ Թրամփը։

Բայց զույգի համար հավանաբար ամենադժվար ու բարդ, միեւնույն ժամանակ անմոռանալի տարին կմնա 2016-ը, երբ Հանրապետական կուսակցությունից Թրամփը ընտրվեց ԱՄՆ 45-րդ նախագահ, իսկ քարոզարշավի ամբողջ ընթացքում իրեն սատարած կինը՝ Առաջին տիկին։

Ահա թե ինչ է նշանակում ճիշտ ամուսին գտնել։ 



© NEWS.am STYLE