5 վարժություն, որոնք կօգնեն հասկանալ՝ ինչի համար եք ստեղծված

22:22   3 հունվարի, 2017

Վարժություն 1. Վերադարձնել մանկության հետաքրքրությունները

Գիտեք՝ ինչով է հանճարը տարբերվում սովորական մարդուց: Հանճարը պնդում է սիրելի գործով զբաղվելու իր իրավունքը: Սովորաբար դա տեղի է ունենում վաղ տարիքում:

Փորձեք հիշել, թե ինչով էիք սիրում զբաղվել մանուկ տարիքում: Մինչեւ այն ժամանակ, երբ ձեր ծնողները սկսեցին ձեզ տրամադրել, որ «նկարչությամբ հաց չես վաստակի» կամ «պարերը լուրջ բան չեն»: Գրեք երեք բան, որոնք ձեզ իսկապես դուր են եկել մանկության տարիներին: Սա փոքրիկ ակնարկ է, թե ինչի պետք է ձգտեք:

Վարժություն 2. Օրինաչափություններ ենք փնտրում. 20 սիրած զբաղմունք

Հիմա եկեք ձեր 20 սիրած զբաղմունքների ցանկը կազմենք: Թող որ դրանց մի մասը ձեզ պարզունակ թվան (օրինակ՝ համեղ ուտեստ համտեսելը), միեւնույն է, գրեք: Երբ ցուցակը պատրաստ լինի, ուշադիր ուսումնասիրեք այդ զբաղմունքները: Օրինաչափություն տեսնո՞ւմ եք: Գուցե այդ ցանկում գերակշռում են գործերը,  որոնք կապված ենք մարդկանց օգնելու հետ: Կամ որեւէ սպորտային զբաղմունք: Հասկացեք, թե ինչ խմբերի կարելի է բաժանել այդ ցուցակը: Այն կօգնի հասկանալ, թե ինչ կյանքով կուզեիք ապրել:

Վարժություն 3. Ձեր կատարյալ շրջապատը

Եթե ոչ ոք չի հավատում ձեր ուժերին, դժվար է ինքներդ ձեզ հավատալը: Այդ պատճառով հաղթողներին ծնող շրջապատը գրեթե միշտ կազմված է հաղթողներից: Ցավոք, միջավայրը, որում մենք վարժվել ենք մեծանալ, հանճարներ ծնելու տրամադրված չէ:

Պատկերացրեք, որ աշխարհը մեկ գիշերվա ընթացքում փոխվում է՝ ձեր պահանջներին համապատասխան: Իսկ առավոտյան լի է այնպիսի մարդկանցով, ինչպես դուք եք ուզում: Ինչպիսի՞ն կլինեն այդ մարդիկ: Ինչպիսի՞ հատկություններով: Գուցե բոլորը ստեղծագործ մարդիկ են, բոլորն ամեն ինչ արագ են անում կամ, հակառակը, կցանկանայիք դանդաղեցնել աշխարհը:

Ի՞նչ իմացաք ձեր մասին եւ ի՞նչ է ձեզ պետք՝ ամբողջությամբ ինքնարտահայտվելու համար:

Վարժություն 4. Հինգ կյանք

Իսկ հիմա պատկերացրեք, որ հինգ կյանք ունեք: Եվ յուրաքանչյուրում կարող եք դառնալ այն, ինչ ուզում եք: Ինչպե՞ս կապրեք այդ հինգ կյանքը:

Այս վարժությունը, ինչպես եւ մյուս բոլորը, կարող եք հարմարեցնել ձեզ: Եթե երեք կյանքը բավարարում է ձեզ, երեքը վերցրեք: Տասն է հարկավոր, ուրեմն տասը: Ես հինգն ընտրեցի, որովհետեւ այդ թիվն ինձ դուր է գալիս:

Եվ այսպես՝ պատկերացրեք, որ մի կյանքը նվիրել եք կենսաբանությանը, երկրորդը՝ ճամփորդություններին, երրորդը՝ բազմաթիվ երեխաներով ընտանիք ունենալուն, չորրորդը՝ քանդակագործ դառնալուն, հինգերորդը՝ տիեզերագնաց: Ո՞րն է ձեզ ավելի շատ դուր գալիս:

Կարեւոր է հասկանալ հետեւյալը. եթե ձեզ հարկավոր է ընդամենը մեկ կյանք ընտրել, թեկուզ այն, որը ձեզ ավելի շատ է դուր գալիս, միեւնույն է, մյուսների կարիքը կունենաք, քանի որ դրանք ձեր անքակտելի մասն են: Մեր գլուխը լցրել են՝ «Կողմնորոշվե՛ք», եւ դա տխուր է:

Կյանքում հանդիպում են մարդիկ, որոնք ծնվել են միայն մեկ նպատակի համար, բայց դա հազվագյուտ բացառություն է: Ձեր կյանքերից յուրաքանչյուրը պարունակում է այն, ինչը դուք շատ եք սիրում եւ ինչի կարիքն ունեք: Եվ դուք կարող եք այն ձեր կյանք մտցնել:

Վարժություն 5. Իմ կատարյալ օրը

Հիմա մենք պետք է երկար զբոսանք կատարենք ձեր երեւակայությամբ: Թուղթ ու գրիչ վերցրեք, եւ գնացինք: Եվ այսպես՝ ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր կատարյալ օրը:

Այդ օրն ապրեք ներկայում եւ ամենայն մանրամասնությամբ. որտեղ եք արթնանում, ինչպիսի տուն է, ով է պառկած ձեր կողքին, ինչ եք ուտում նախաճաշին, ինչ հագուստ եք հագնում, ինչ եք անում, ինչով եք զբաղված, տանը, թե գրասենյակում:

Մի սահմանափակեք ձեր երեւակայությունը: Նկարագրեք օրը, որը կապրեիք, եթե բացարձակ ազատություն ունենայիք, անսահմանափակ միջոցներ, ուժ եւ կարողություն, որոնց մասին միայն երազել եք:

Երբ ցանկը կազմված լինի, բոլոր երեւակայությունները բաժանեք երեք խմբի.

Այս ամենից ի՞նչն է ձեզ օդի պես անհրաժեշտ:

Ի՞նչը պարտադիր չէ, բայց, ամեն դեպքում, կցանկանայիք ունենալ:

Առանց ինչի՞ կկարողանաք յոլա գնալ:

Մեր կյանքը բաղկացած է կենսափորձից, պատմությունից, դերերից, հարաբերություններից, աշխատանքից, ունակություններից: Այս ամենից որոշ բաներ ինքներս ենք ընտրում: Ինչ-որ բան, որ մենք մեր ընտրությունն ենք կոչում, իրականում փոխզիջում է: Ինչ-որ բան ընդհանրապես պատահականություն է: Ինչ-որ բան անհրաժեշտ է եւ շատ թանկարժեք: Բայց այս ամենը դուք չեք:

 

Աղբյուրը՝ Lifehacker.ru



© NEWS.am STYLE