«Թուրքերը սպանել են իմ ժողովրդին». Շերի հայրենասիրական գրառումը

11:25   12 նոյեմբերի, 2016

Աշխարհահռչակ երգչուհի Շերը վերջերս Twitter-ում իր էջին հետեւող օգտատերերին պատմել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմից (ռեժիսոր՝ Թերի Ջորջ, գլխավոր դերակատարներ՝ Օսկար Այզեք, օսկարակիր Քրիստիան Բեյլ, Շարլոտ Լե Բոն, Շոհրե Աղդաշլու, Անժելա Սարաֆայան) ստացված տպավորությունների մասին։

«Այս գիշեր դիտել եմ «Խոստում»-ը։ Այն իրական պատմություն է, թե ինչպես են թուրքերը 1915-ին կոտորել 1.5 միլիոն հայերի։ Էրդողա՛ն փաշա, այլեւս երբեք»,- գրել էր Շերը։

Օրերս Շերի Twitter-ում կրկին այս թեման է բարձրացել, բայց այս անգամ ամեն ինչ սկսվել է Դոնալդ Թրամփ-Հիլարի Քլինթոն ընտրությունների արդյունքից։ Շերը, որը սատարում էր Հիլարի Քլինթոնին, պատասխանել է օգտատերերից մեկի դիտարկմանը, որ Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը կոչել է «պատմաբանների քննարկման առարկա»։

«Ոչ այդպես չէ։ Նայիր «Խոստում» ֆիլմը: Ես հասկանում եմ խնդիրը... Թուրքիան ընդամենը դաշնակից կողմ էր պատերազմում։ Թուրքերը սպանել են իմ ժողովրդին։ Դա ԿՈՏՈՐԱԾ ԷՐ»,- գրել է Շերը։

Հիշեցնենք, որ 70-ամյա աստղը հայտարարել է, որ նոր՝ հրաժեշտի համերգային շրջագայություն է սկսելու (չնայած վերջին համերգաշարի մասին Շերը հայտարարել էր դեռեւս 2002-ին)։ 



© NEWS.am STYLE