Կաթնաշոռային «հրաշք»՝ դարչինով. բաղադրատոմս NEWS.am Style-ից

18:15   13 նոյեմբերի, 2016

Աշնանն ուզում ես քեզ երես տալ տարբեր համեղ բաներով: Հատկապես՝ դարչինով, եթե, իհարկե, այս համեմունքի սիրահար եք: Այս անգամ ես փորձարկումներ արեցի կաթնաշոռով եւ դարչինով, իսկ որպեսզի ավելորդ ժամանակ չծախսեմ շերտավոր խմոր պատրաստելու համար, պարզապես այն գնեցի, նույնը նաեւ ձեզ եմ խորհուրդ տալիս:

Եվ այսպես՝ դարչինով կաթնաշոռային «հրաշք» պատրաստելու համար մեզ անհրաժեշտ են.

առանց խմորիչի շերտավոր խմոր՝ 1 փաթեթ;

կաթնաշոռ՝ 180 գրամ (մեկ ստանդարտ տուփ);

ձու՝ 2 հատ;

շաքարավազ՝ 1/2 բաժակ;

դարչին՝ կես թեյի գդալ (ըստ ճաշակի):

Նախ հալեցրեք շերտավոր խմորը: Պատառաքաղով թեթեւակի տրորեք կաթնաշոռը, ավելացրեք շաքարավազը, դարչինը եւ ձուն (մեկը՝ ամբողջությամբ, իսկ երկրորդինը՝ միայն սպիտակուցը, դեղնուցը հետո պետք կգա), խառնեք:

Խմորը բարակ շերտով գրտնակեք, միջուկն ավելացնելիս մեկ երկար շերտ դատարկ թողեք՝ 2 սմ լայնությամբ: Հակառակ ծայրից խնամքով ռուլետի նման փաթաթեք:

Սուր դանակով միանման ռուլետներ կտրատեք՝ 4 սմ լայնությամբ: Դրանց վրա քսեք դեղնուցը:

Դրեք մինչեւ 180 աստիճան տաքացված ջեռոցն ու թխեք 20-30 րոպե: Ասեմ, որ այս «հրաշքն» արագորեն վերջանում է:

Բարի ախորժակ:

 

Ձեր՝ Մաշա



© NEWS.am STYLE