«Ձայն»-ի աստղ Անդրեյ Դավիդյանի մահվան պատճառ կարող էին դառնալ բժիշկները

09:29   14 նոյեմբերի, 2016

Երեկ մոսկովյան հիվանդանոցներից մեկում վախճանվեց Անդրեյ Դավիդյանը: 60-ամյա երաժիշտը մահից առաջ անհապաղ Բոտկինսկի հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով, որը կոմայի պատճառ է դարձել:

Երգչի ներկայացուցիչ Յուրի Դենիսովը մեկնաբանել է տեղի ունեցածը: Դենիսովի խոսքով՝ Դավիդյանի մահվան պատճառ կարող էին դառնալ ընդհանուր անզգայացմամբ կույր աղիքի վիրահատության հետեւանքները:

«Дни»-ն, վկայակոչելով «Московский Комсомолец»-ը, գրում է, որ Դավիդյանը մահից կարճ ժամանակ առաջ կույր աղիքի խնդրով նորից հիվանդանոցում էր հայտնվել: Այդ ժամանակ վիրահատությունն ընդհանուր անզգայացմամբ են արել: Դրանից հետո Դավիդյանը ողջ-առողջ Ռիգա է մեկնել եւ, Դենիսովի խոսքով, այնտեղից վերադարձել է «ստեղծագործական ծրագրերով լի»:

Երաժշտի ուղեղի կաթվածն անսպասելի էր, սակայն նրա ներկայացուցիչը կարծում է, որ կույրաղիքի վիրահատությունը կարող էր հետագա ողբերգական հետեւանքների պատճառ դառնալ.

«Մենք պարզելու ենք, թե ինչու այդ տարիքում բժիշկները չկիրառեցին, ասենք, ավելի թույլ անզգայացում: Վիրահատական միջամտությունից հետո Անդրեյը ցավեր ուներ, այդ պատճառով բժիշկները նաեւ մաքրում արեցին»,- պատմել է Դենիսովը:

Դենիսովը նաեւ նշել է, որ Դավիդյանը կյանքի վերջին օրերին թոքերի արհեստական օդափոխման սարքի էր միացված:

«Նա մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում էր: Գիտակցության եկավ: Մենք այցելեցինք նրան: Նա նույնիսկ խոսեց մեզ հետ, բայց յուրաքանչյուր բառ դժվարությամբ էր արտաբերում: Ցավոք, նրա վիճակը վատացավ, կոմայի մեջ ընկավ»,- հայտարարել է Դենիսովը:



© NEWS.am STYLE