10:35 14 նոյեմբերի, 2016Գարիկ Պապոյանի եւ Սոնա Ռուբենյանի համագործակցության արդյունքում հայտնի հայկական հիթերը նոր շունչ են ստացել: Երաժշտասերների կողմից էլ բավականին դրական ընդունվեց նրանց ներկայացրած հայկական երգերի մշակումները:
Եւ ահա, ինչպես սպասվում էր` Գարիկի եւ Սոնայի հաջողված նախագիծն ունեցավ իր տրամաբանական շարունակությունը` համերգի տեսքով, որը կայացավ երեկ` նոյեմբերի 13-ին, Vitamin ակումբում:
Ինչպե՞ս ստեղծվեց այս նախագիծը, ինչպե՞ս են արձագանքել երգիչները` լսելով իրենց երգերի cover տարբերակները եւ ո՞ր երգերն են նախընտրում հենց իրենք` Սոնան եւ Գարիկը: Հարցերի պատասխանները ճշտեցինք նրանցից.
«Երգերը շատ բազմաժանր են: Ժամանակին այս նախագիծը սկսեցինք ռաբիզ երգերի cover տարբերակներով, իսկ հետագայում այն փոխեց իր խորագիրը` դառնալով հայկական երգերի cover-ներ: Մենք անդրադարձել ենք այն սիրված երգերին, որոնք կարոտում ենք, քանի որ քիչ ենք լսում: Վերցրել ենք այն երգերը, որոնց բառերը, կամա, թե ակամա, բոլորը գիտեն եւ երգում են»,-նշեց Գարիկը` ավելացնելով, որ Սոնայի հետ համագործակցելու ցանկությունը պատահական չի եղել, քանի որ ինքը երգչուհու քայլերին հետեւել է նրա կարիերայի սկզբնական շրջանից.
«Ես «Հայ Սուպերսթար» նախագծի ժյուրիի կազմում էի, երբ Սոնան եւս մասնակցեց այդ մրցույթին: Նա այն քիչ մարդկանցից էր, որի երգեցողությունն ինձ տպավորեց: Եւ երբ փնտրում էի այն երգչին, որը կարող էր այս դերը ստանձնել, Սոնա Ռուբենյանը իմ ցուցակի առաջին շարքերում էր, քանի որ մեզ պետք էր նաեւ մեկը, որը բացի լավ երգելուց` կկարողանար նաեւ լավ նվագել, ինչը հրաշալի է ստացվում Սոնայի մոտ»:
Սոնա Ռուբենյանն էլ իր հերթին նշեց, որ մեծագույն հաճույքով է աշխատել այս նախագծի շուրջ.
«Շատ հետաքրքրիր էր հետեւել այդ երգերի փոխակերպան գործընթացին, քանի որ այդ փոփոխությունները շատ ծայրահեղ են եղել: Ինքս մեծ սիրով եմ այս երգերը երգում»,-նշեց երգչուհին, որը մշակված cover-ներից հատկապես առանձնացրեց «Սրտի բանալի» եւ «Նամակ» երգերը: Մինչդեռ Գարիկը դժվարացավ ասել, թե որ երգերն է առավել նախընտրում.
«Բոլորն էլ իմ երեխաներն են, չեմ կարող առանձնացնել որեւիցե մեկը»,-կատակով նշեց երաժիշտը:
Հետաքրքիր էր նաեւ իմանալ` արդյոք նախագծի պրոդյուսերը տեղեկացրե՞լ էր տվյալ երգերի կատարողներին նրանց երգերը մշակելուց եւ ներկայացնելուց առաջ եւ ի՞նչ արձագանքների է արժանացել նախագիծը վերջիններիս կողմից.
«Բացի տվյալ երգերի կատարողներին տեղյակ պահելուց` պարզապես, նաեւ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է դա արվում օրենքի տեսանկյունից: Երաժիշտների հետ խոսելիս հասկացա, որ ընդհանրապես նման խնդիր չկա, նույնիսկ, ուրախ էին, որ իրենց երգերի cover տարբերակներն ենք ներկայացնում»,-ասաց Գարիկը` հույս հայտնելով, որ համերգը վերջինը չի լինի, քանի որ իր իսկ խոսքով` երգերի վրա շատ երկար են աշխատել:
Ի դեպ, համերգի ընթացքում բացի արդեն հանդիսատեսին հայտնի 8 երգերի մշակումներից` Սոնան եւ Գարիկը ներկայացրեցին եւս 12 սիրված երգերի cover տարբերակներ:
Հետաքրքիր համերգային ծրագրի կատարումներից երկուսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան