NEWS.am STYLE Exclusive. Եվգենի Պլյուշչենկոն՝ Երեւանում սպասվող շոուի մասին

15:10   14 նոյեմբերի, 2016

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 27-ին կներկայացվի «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոու-ծրագիրը: «FORPOSTART Production»-ի ամենասպասված այս իրադարձությունը համախմբել է լավագույններից լավագույններին`պարարվեստի մասնագետներին, ռեժիսորներին, սցենարիստներին, ձևավորողներին, գեղանկարիչներն ու համաշխարհային գեղասահքի աստղերին`Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ:

Լեգենդար գեղասահորդը խոստովանում է, որ իր նախորդ երևանյան ելույթից հետո անհամբերությամբ սպասում էր Հայաստան վերադառնալուն: Եվգենի Պլյուշչենկոն մեզ հետ զրույցում պատմում է «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE»  բացառիկ շոուի մասին, ինչպես նաև խոսում հայ գեղասահորդների, հաղթանակների ու ընտանիքի մասին:

-Kings on Ice շոուն մեծ ժողովրդականություն է վայելում բազմաթիվ երկրներում: Եթե համեմատենք հայ և այլ երկրների հանդիսատեսին, կնկատե՞նք որևէ տարբերություն: Վերջին անգամ ելույթ եք ունեցել Տալինում, Ձեզ այնտեղ, ինչպես և բազում այլ երկրներում, շատ ջերմ են ընդունել: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Մեզ ջերմ են ընդունում ամենուր: “Kings on ice” շոուի համասեփականատերերն են Արի Զաքարյանը, Էդվին Մարտոնը, Եվգենի Պլյուշչենկոն: Այն միջազգային մակարդակի, համաշխարհային մասշտաբի շոու է, որտեղ հանդես են գալիս գերաստղերն ու լավագույն գեղասահորդներն` օլիմպիական, Եվրոպայի և Ռուսաստանի չեմպիոնները: Մենք ավելի շատ շեշտը դնում ենք սպորտային շոուի վրա, քանի որ մեզ մոտ հիմնականում հանդես են գալիս գործող մարզիկները: Բացի այդ, ներկայացման մեջ հանդես են գալիս երիտասարդ խոստումնալից և տիտղոսներ ունեցող մարզիկները: Մեր շոուի ընթացքում ելույթ են ունենում այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Էդգար Հակոբյանը, Էդվին Մարտոնը: Մենք աճում ենք, նոր համարներ ենք բեմադրում, նոր շոուներ ենք պատրաստում և առաջ ենք շարժվում: Հիմա էլ հատուկ Հայաստանի համար բեմադրում ենք «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» ամբողջովին նոր, թարմացված շոուն, որի համար պատրաստել ենք բոլորովին նոր բեմական հագուստներ: Ցուցադրելու ենք նորաձևություն` սառույցի վրա: Շատ հետաքրքիր է լինելու, մասնակցելու են հետաքրքիր երգիչներ, երաժիշտներ:

-Ի՞նչ տպավորություններ ունեք Ձեր նախորդ երևանյան ելույթից “Kings on ice” շոուի շրջանակում:

-Ես երկու անգամ հանդես եմ եկել Հայաստանում, և երկու ելույթներս էլ շատ լավ են ընդունվել: Կարծում եմ, որ Հայաստանում սիրում են գեղասահքը: Այս փաստն ապացուցեց մեր շոուին մասնակցած հանդիսատեսը: Անցյալ անգամ մեզ հետ նաև ելույթ ունեցավ Դիմա Բիլանը, ում հաճույքով հրավիրել էինք ձեր երկիր: 

Հետաքրքիր շոուն շատ լավ ընդունվեց Հայաստանում, ինչպես և աշխարհի ցանկացած կետում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, ովքեր օգնեցին մեզ իրականացնել շոուն: Ամեն ինչ հիասքանչ էր, միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի առաջին տիկինը, ինչպես նաև պաշտոնյաներ, նախարարներ.սա շատ բանի մասին է վկայում: Հուսամ, որ այս անգամ էլ ամեն ինչ կանցնի բարձր մակարդակով:

-Նախորդ անգամ Ձեզ հետ հանդես էին գալիս նաև հայ գեղասահորդներ: Ինչպե՞ս եք գնահատում գեղասահքի զարգացումը Հայաստանում:

-Մի քանի մարզիկ կա, ի դեպ, ես նրանց հետ փոքր-ինչ աշխատեցի նախորդ անգամ, երբ եկել էի մասնակցելու շոուին: Բոլորը հեռանկար ունեցող մարզիկներ են, մենք նրանց սպասում ենք նաև այս տարի. նրանք հանդես են գալու ներկայացման մեջ: Պետք է ավելի շատ մարզվեն, մասնակցեն մրցումների:  Գիտեմ, որ Հայաստանում Ի. Ռոդնինայի գեղասահքի նոր դպրոց է բացվել: Կուզենայի, որ ծնողներն իրենց երեխաներին բերեին այդ դպրոց, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով, գեղասահքով: Վերջինս հիանալի մարզատեսակ է:

-Ի՞նչ տպավորություններով եք մեկնել Հայաստանից նախորդ անգամ: Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանն ու հայերին:

-Հայերի հետ ինձ շատ բան է միավորում. իմ տնօրեն, մենեջեր ու ընկեր Արի Զաքարյանը, ում հետ ես աշխատում եմ 15 տարի, հայ է: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում շատ հայեր են բնակվում, ես շատ հայ ընկերներ ունեմ Հայաստանում: Ես մեկնել եմ հիասքանչ տրամադրությամբ և կրկին վերադառնալու ակնկալիքով: Նոյեմբերի 27-ին շատ քիչ ժամանակ է մնացել: Մենք շուտով ելույթ կունենանք:

-Ինչպիսի՞ն է Եվգենի Պլյուշչենկոն կյանքում:

-Տարբեր` կախված տրամադրությունից: Ես կարող եմ ամբողջ օրն անցկացնել անկողնում, եթե շատ եմ հոգնել, հետո վերականգնվել, սպորտով, ինչ-որ գործերով զբաղվել: Ես կարող եմ 2-3 օր ոչինչ չանել, բայց շրջագայություններից, ճամփորդությունից հետո պետք է առաջ շարժվել: Նույն տեղում երկար մնալ չեմ կարող:  

-Ձեր 3-ամյա որդին` Սաշան, Ռուսաստանում առաջին տղան է, ով հայտնվել է ամերիկյան ամսագրի շապիկին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը, ի՞նչ զգացողություններ ունեիք: Պատմեք Ձեր որդու մասին, նա կշարունակի՞ Ձեր ուղին:

- Այո, իսկապես, Ալեքսանդրը զարդարել է երկու շապիկ` մեկը` ամերիկյան, մյուսը, եթե չեմ սխալվում, եվրոպական: Այս ճակատում նրա հետ պարապում է մայրը: Սաշան շատ է սիրում դիրքեր ընդունել, լուսանկարվել, բնականաբար նա այդ ամենն անում է խաղալիքների դիմաց, բայց հաճույքով է անում: Նա զուգահեռաբար զբաղվում է սպորտով, սահում է ոչ թե գեղասահքի, այլ հոկեյի չմուշկներով: Մի փոքր ստացվում է: Բացի այդ, հաճախում է նախապատրաստական դպրոց, շատ տաղանդավոր երեխա է, շատ է պարապում, նրա հետ աշխատում են մասնագետները: Շուտով կդառնա 4 տարեկան, ավելի պրոֆեսիոնալ ձևով կհաճախի ֆուտբոլի, հոկեի:

Պարույր Սինյավսկի

Հարցազրույցի իրականացմանը աջակցել են Ռոզա Գրիգորյանն ու Աննա Գրիգորյանը 

 



© NEWS.am STYLE