Անդրեյ Դավիդյանը կտակ չի թողել

18:12   14 նոյեմբերի, 2016

Երեկ մոսկովյան հիվանդանոցներից մեկում վախճանվեց Անդրեյ Դավիդյանը: 60-ամյա երաժիշտը մահից առաջ անհապաղ Բոտկինսկի հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով, որը կոմայի պատճառ է դարձել:

Երգչի ներկայացուցիչ Յուրի Դենիսովը հայտարարել է, որ Դավիդյանի մահվան պատճառ կարող էին դառնալ ընդհանուր անզգայացմամբ կույրաղիքի վիրահատության հետեւանքները: Մահից կարճ ժամանակ առաջ նա կույրաղիքի խնդրով նորից հիվանդանոցում էր հայտնվել: Այդ ժամանակ վիրահատությունն ընդհանուր անզգայացմամբ են արել: Նրա խոսքով՝ դատախազությունը հետաքրքրվել է ռուսական «Ձայն» շոուի աստղի անսպասելի մահվամբ:

Հիմա էլ Դենիսովը «Դնի» կայքին տված հարցազրույցում խոսել է Դավիդյանի կտակի մասին:

«Անդրեյը ստեղծագործ մարդ է, նրանցից չէ, ովքեր փողերն են հաշվում: Առատաձեռն էր: Կարծում եմ՝ ոչ մի կտակ էլ չի թողել, հակառակ դեպքում ես կիմանայի այդ մասին»,- պարզաբանել է Դենիսովը:

Նա կարծում է, որ Անդրեյ Դավիդյանի հիշատակին համերգ կազմակերպել պետք է:

«Եթե նրա երկրպագուներն ուզում են, ինչպես կարող ենք մերժել: Իհարկե, չգիտենք, թե ով է այն կազմակերպելու: Հիմա մենք զբաղված ենք հուղարկավորության հարցերով, երեք օրվա ընթացքում շատ բան պետք է անենք»,- նշել է նա:



© NEWS.am STYLE