Քանյե Ուեսթը կհամագործակցի ռուսաստանցի դիզայներ Գոշա Ռուբչինսկու հետ

13:44   17 նոյեմբերի, 2016

Արդեն գրել էինք, որ Քանյե Ուեսթը Մոսկվա է ժամանել՝ միայն իրեն հայտնի քանյեուեսթական գործերով:

Բայց հստակ հայտնի է, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը հանդիպել է ռուսաստանցի դիզայներ Գոշա Ռուբչինսկիի հետ:

 

Ըստ Life-ի՝ Քանյեն ու դիզայները բանակցել են եւ պայմանավորվել համագործակցել: Ռուբչինսկին կսկսի աշխատել Ուեսթի ստեղծած Yeezy կոշիկի ապրանքանիշի համար:

Ուեսթը Մոսկվայում մեկ օր է անցկացրել եւ որոշել Ռուբչինսկիին ներգրավել իր ապրանքանիշի ստեղծագործական թիմի աշխատանքներին:

Ռուբչինսկին ռուսաստանցի ամենահայտնի դիզայներն է: Նա Gosha Rubchinskiy ապրանքանիշի սեփականատերն է, որը ներառված է ֆրանսիական Comme des Garcons նորաձեւության տան կազմում: Սա այլ ապրանքանիշերի հետ Ռուբչինսկիի առաջին համատեղ նախագիծը չէ: Ավելի վաղ նա պարբերաբար աշխատել է Reebok-ի, Fila-ի եւ Topman-ի հետ:

 

Yeezy ապրանքանիշի կոշիկների շարքը, որը Քանյե Ուեսթը թողարկում է Adidas-ի հետ համատեղ, աշխարհում ամենատարածվածներից է: Չնայած գնին՝ 350-ից մինչեւ 550 դոլար, առցանց խանութները ժամերի կամ նույնիսկ րոպեների ընթացքում ամբողջական խմբաքանակ են վաճառում, իսկ մանրածախ խանութները, որպես կանոն, դրանք վաճառում են անհատական սկզբունքով, նախնական պատվերներով:

 

Նոյեմբերի 23-ին ռեփերը պատրաստվում է վաճառքի հանել Yeezy Boost 350 անվանումով մարզակոշիկների նոր տարբերակ:



© NEWS.am STYLE