44-ամյա Ռիկի Մարտինը նշանվել է

11:35   17 նոյեմբերի, 2016

Նախօրեին Էլեն Դեջեներեսի շոուին մասնակցել է Ռիկի Մարտինը: 44-ամյա երգիչը հաղորդել է, որ նշանվել է սիրեցյալի՝ Ջվան Յուզեֆի հետ, որի հետ շուրջ մեկ տարի է միասին են:

«Մենք հենց նոր նշանվեցինք»,- հայտարարել է Մարտինը:

Հայտնի կատարողը նաեւ պատմել է փեսացուի հետ ծանոթության մասին:

 

«Նա ժամանակակից նկարիչ է: Ես ծնկի եկա, շատ էի հուզվում: Փոքրիկ թավշե պարկ հանեցի եւ «Կամուսնանա՞ս ինձ հետ» հարցնելու փոխարեն արտաբերեցի. «Մի բան ունեմ քեզ տալու»: Իսկ հետո ասացի, որ ուզում եմ ամբողջ կյանքս նրա հետ անցկացնել: Նա ծիծաղեց եւ պատասխանեց. «Իսկ ի՞նչն է հարցը»: Դա հրաշալի պահ էր, ես ուշքի եկա միայն 30 րոպե անց եւ սկսեցի հարցնել. «Դու «այո՞» ասացիր, «այո՞» ասացիր»,- պատմել է Ռիկին:

«Այո՛», արտիստի սիրեցյալը դրական է պատասխանել, այնպես որ՝ հարսանիքը սարերի հետեւում չէ:

Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինն իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հրապարակային հայտարարեց 2010 թվականի մարտին:



© NEWS.am STYLE