Ռիկի Մարտինն ամուսնանում է հայկական արմատներով նկարչի հետ

13:01   18 նոյեմբերի, 2016

Երկու օր առաջ Էլեն Դեջեներեսի շոուին հյուրընկալված Ռիկի Մարտինը հաղորդել էր, որ նշանվել է ընկերոջ՝ Ջվան Յոզեֆի հետ:

44-ամյա երգիչը նրա հետ հարաբերությունների մեջ է արդեն շուրջ մեկ տարի:

«Մենք նոր ենք նշանվել»,- շոուի ժամանակ հայտարարել է Մարտինը եւ պատմել փեսացուի հետ ծանոթության մասին:

«Նա ժամանակակից նկարիչ է: Ես ծնկի եկա, շատ էի հուզվում: Փոքրիկ թավշե պարկ հանեցի եւ «Կամուսնանա՞ս ինձ հետ» հարցնելու փոխարեն արտաբերեցի. «Մի բան ունեմ քեզ տալու»: Իսկ հետո ասացի, որ ուզում եմ ամբողջ կյանքս նրա հետ անցկացնել: Նա ծիծաղեց եւ պատասխանեց. «Իսկ ի՞նչն է հարցը»: Դա հրաշալի պահ էր, ես ուշքի եկա միայն 30 րոպե անց եւ սկսեցի հարցնել. «Դու «այո՞» ասացիր, «այո՞» ասացիր»,- պատմել է Ռիկին: Այո՛, արտիստի սիրեցյալը դրական է պատասխանել, այնպես որ՝ հարսանիքը սարերի հետեւում չէ:

Մենք փորփրեցինք ամենագետ Վիքիպեդիան, որը մեզ Ջվանի արմատների մասին հետեւյալը ներկայացրեց. Լոնդոնում բնակվող արտիստը սիրիական ընտանիքից է, հայրը քուրդ է, մայրը՝ հայուհի: Նրա անունը քրդերեն նշանակում է «հմայիչ, գեղեցիկ եւ երիտասարդ»: Ջվանը բացահայտ նույնասեռական է:

 



© NEWS.am STYLE