Ռեժիսոր Նարե Մկրտչյանը՝ «Օսկարի» հավակնելու եւ Ազնավուրի մասին ֆիլմ նկարահանելու մասին. NEWS.am STYLE Exclusive

12:04   19 նոյեմբերի, 2016

2015 թվականին մի թրքուհի պարզում է, որ իր մեծ տատը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է, և որոշում է մեկնել Հայաստան: Մայան և՛ հայ է, և՛ թուրք. նրա ներսում երկու թշնամի է ապրում: Մեկը տառապում է Ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքում  այդ փաստը: Լոսանջելեսաբնակ ռեժիսոր Նարե Մկրտչյանի վերջին` «Տան մյուս կողմը» (The Other Side of Home) վավերագրական ֆիլմի սինոփսիսն է:

Ֆիլմ, որը մեծ իրարանցում առաջացրեց, քանի որ հայտնվեց «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի «շորթլիստում» (կարճ ցուցակ): Նարե Մկրտչյանը մի շարք մրցանակների դափնեկիր է, կարճամետրաժ ֆիլմերի, գովազդային հոլովակների, վեբ շարքերի պրոդյուսեր և ռեժիսոր:

Բակալավրի աստիճան է ստացել Հարավային Քալիֆորնիայի համալսարանի կինոարվեստի դպրոցում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում ռեժիսորն անդրադառնում է ֆիլմին, պատմում կինոնկարի հերոսուհու, առաջիկա ծրագրերի մասին:

Նարե, շնորհավորում եմ Ձեզ և Ձեր թիմին: Ձեր կինոնկարը հայտնվել է «Օսկար» 89-րդ մրցանակաբաշխության «Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի «շորթլիստում»:

Ճիշտն ասած, որքան տեղյակ եմ, առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմը հայտնվում է «Օսկար»-ի շորթլիստում: Շատ ուրախ եմ այդ առթիվ: Ես ուրախությունից լաց էի լինում, երբ տեսա ցուցակը: Հրաշք կատարվեց. Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմը հայտնվեց շորթլիստում: Հուսանք, որ անվանակարգում էլ կհայտնվենք: Բավական հետաքրքրություն կա ֆիլմի նկատմամբ.ինձ համար սա շատ կարևոր է:

Որտե՞ղ էիք, երբ տեղակացաք, որ Ձեր կինոնկարը հայտնվել է «Օսկար» շորթլիստում:

Շատ զվարճալի պատմություն է: Նախ, այդ օրերին ահավոր լարված էի, հայտն ուղարկվել էր արդեն: Շորթլիստում հայտնվելը բավականին դժվար էր: Ֆիլմի կյանքն ու հանդիսատեսն ապահովված կլինեին, եթե մեզ հաջողվեր հայտնվել այդ ցուցակում: Ես ու պրոդյուսերներիցս մեկն անընդհատ անհանգիստ սպասում էինք: Մի վայր կա, որը կոչվում է Subway, գնացել էինք լանչի: Ես անընդհատ հեռախոսս էի ստուգում: Բացեցի ու տեսա, որ ակադեմիայից նամակ ունեմ: Թեև կարդում էի նամակը, բայց չէի հավատում աչքերիս: Այնքան հուզվեցի, որ չէի կարողանում խոսել: Ես երևի մի 15 րոպե լաց էի լինում, իսկ պրոդյուսերն ուրախությունից ցատկում էր: Խայտառակ ենք եղել, այդտեղ այլևս չենք գնում (ծիծաղում է-հեղ.): Բավականին հետաքրքիր, էմոցիոնալ պահ էր, բոլորը շնորհավորում էին, թեև չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Մտածում էին, որ ինչ-որ լավ բան է եղել:

Ինչպե՞ս առաջացավ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը:

Միշտ ցանկացել եմ Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ ստեղծել: Ինձ համար 100-ամյա տարելիցին ֆիլմ ունենալը երազանք էր: Այն ժամանակ մտածում էի խաղարկային ֆիլմ ստեղծելու մասին, որը կկենտրոնանա մարդու և ոչ այնքան թվերի, փաստերի վրա: Ես ուզում էի, որ դիտողը կապվի իմ հերոսի հետ: Մտածում էի՝ ինչ կլինի, եթե ինչ-որ մեկը մի օր արթնանա, ու հասկանա, որ ինքն իր թշնամին է: Իր ամբողջ կյանքի ընթացքում ժխտել է Ցեղասպանության իրողությունը: Եվ հանկարծ հասկանա, որ զոհ է, ոչ թե կատարող: Մտածեցի` իսկ գուցե փորձեմ իմ թեմային առնչվող հերոս գտնել և վավերագրական ֆիլմ նկարահանել: Բավականին երկար փնտրում էի թուրքի, ով հայի արյուն ունի և տեսախցիկի առաջ կխոսի: Բոլորն ասում էին, որ չեմ կարողանա նման հերոս գտնել:  

 

Դժվա՞ր էր Ցեղասպանության թեմայով ֆիլմ նկարահանել:

Հոգեպես շատ դժվար էր: Իմ տատիկն ու պապիկը Ցեղասպանության վերապրածներն էին, Արևմտյան Հայաստանից էին: Շատ դժվար էր Թուրքիա գնալ: Չգիտես՝ սիրե՞ս, թե՞ ատես այդ հողը, որովհետև այդտեղ սպանել են քո նախնիներին: Մյուս կողմից` սա այն հողն է, որտեղ ապրել են նախնիներդ: Ինչքան մոտենում էի Թուրքիային, այնքան վախը, պարանոյան շատանում էր, սրվում էր այն զգացողությունը, թե քեզ կմատնեն, վատություն կանեն:

Թուրքիայում հե՞շտ էր նկարահանումներ կատարել: Ձեզ չե՞ն խանգարել:

Ցավոք չեն խանգարել: Ես շատ կուզենայի, որ հետաքրքիր արկածներ լինեին, բայց ոչինչ չեղավ: Պատճառներից մեկն այն է, որ այնտեղի արտադրող ընկերություններից մեկը տրամադրել էր մեզ նկարահանման թույլտվություն: Իմ անունը ներառվախծ չէր թույլտվության փաստաթղթերում: Ասում էին, որ եթե ես նկարահանումներ անեմ, թուրքական ոստիականությունն ինձ հանգիստ չէր թողնի: Մանավանդ, որ ապրիլին էի նկարահանումներ անում: Նրանց թվում էր, թե ինչ-որ զբոսաշրջային հաղորդում է նկարահանվում:

Ձեր ֆիլմը Թուրքիայում ցուցադրվե՞լ է:

Դեռ ոչ, հետաքրքրությունը մեծ է, բայց ես դեռ չեմ ուզում, որովհետև ֆիլմիս հերոսն այնտեղ է ապրում: Ես ուզում եմ համոզված լինել, որ նա ապահով կլինի: Նա ԱՄՆ տեղափոխվելու մասին է մտածում: «Օսկար»-ի շորթլիստից հետո ֆիլմի մասին շատ խոսվեց: Մտածում եմ դեռ սպասել: Չեմ ցանկանա վատություն անել նրան: Բայց շատ կցանկանամ, որ ցուցադրվի Թուրքիայում: Ժամանակ է պետք:  

Ֆիլմը ներկայացրել եք նաև Հայաստանում՝ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի շրջանակում: Ինչպե՞ս այն ընդունվեց այստեղ:

Շատ լավ ընդունվեց: Շատ ուրախ էի, որ ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում: Ինձ համար դա շատ կարևոր էր: Ես այս ֆիլմը Հայաստանի համար եմ արել: Ցուցադրության երկու օրերին էլ տոմսերը սպառվել էին: Շատ ուրախ և երախտապարտ եմ, որ շատ լավ ընդունվեց: Օտարազգի հանդիսատեսն էլ է ֆիլմը շատ սիրով ընդունում: Նրանք ինձ հաճախ հարցնում են, թե ինչու Թուրքիան չի ընդունում Ցեղասպանությունը:  

Կինոն, երաժշտությունը կամ ընդհանրապես արվեստն ունա՞կ են ինչ-որ բան փոխել Ցեղասպանության ճանաչման հարցում:

Այո, արվեստն ունի բուժելու և մարդկանց սրտերին դիպչելու ուժ: Ես այս ֆիլմով փորձում էի արթնացնել մարդկային սրտերը:

Այլ փառատոնների ֆիլմը ներկայացնելո՞ւ եք:

Այո, անպայման: Հիմա մանավանդ, երբ շորթլիստում է հայտնվել, փառատոններն իրենք են հետաքրքրվում:

Այս պահին ինչի՞ վրա եք աշխատում:

Մի քանի տարբեր թեմաներ կան, որոնց վրա աշխատում եմ: Ամբողջ կյանքում երազել եմ վավերագրական ֆիլմ նկարահանել Շառլ Ազնավուրի մասին: Փորձում եմ դա իրականություն դարձնել: Երբ երկրաշարժի ժամանակ Ազնավուրը Հայաստան եկավ, իմ հայրը` կինոռեժիսոր Լևոն Մկրտչյանը ֆիլմ նկարահանեց: Վաղուց խոսել եմ Ազնավուրի աղջկա հետ, ասաց, որ հայրը հետաքրքված կլինի: «Տան մյուս կողմը» ֆիլմի նկարահանումներով էի զբաղված, չկարողացա խոսել: Հիանալի կլինի, եթե կարողանամ իրականություն դարձնել այս նախագիծը:

Ռոզա Գրիգորյան

 

 



© NEWS.am STYLE