Վարդուհի Նազարյանի «Նորավանք» նոր հավաքածուն արդեն Փարիզում է (ֆոտո)

18:14   15 մարտի, 2013

«What's new next» ծրագրի շրջանակում Փարիզի W Paris Opera հյուրանոցում կայացել է հայ դիզայներ Վարդուհի Նազարյանի՝ «Noravank» աշուն-ձմեռ 2013-14 նոր հավաքածուի ցուցադրությունը:

«Ամեն ինչ տառացիորեն մեկ շաբաթ առաջ որոշվեց, այդ պատճառով մենք ցուցադրեցինք միայն մի քանի, իմ կարծիքով, վառ իրեր, որոնք պարկերացում էին տալիս հավաքածուի մասին եւ արտացոլում էին իմ ձեռագիր»,- պատմում է Վարդուհին:

Նորավանքը յուրահատուկ բնությամբ վայր է Հայաստանում, որն իր արտացոլումն է գտել հայկական աշնան գունապնակում. դա ե՛ւ հագեցած կարմիրն է, որպես սարերում մայրամուտի արտացոլում, ե՛ւ հնագույն վանքում արեւով ցողված վարդագույն ոսկին, ե՛ւ թափվող տերեւների բոլոր երանգների բարդ միահյուսումը:

Այս հավաքածուում Վարդուհին հատուկ ուշադրություն է դարձնում գործվածքների խաղին. նուրբ թավշակաշին, հոսուն մետաքսը, ժանյակը, ասես թերթաքարով պատված, թավշյա քաշմիրը համակցված են ինչպես մեկ նմուշում, այնպես էլ միասին:   

Վարդուհու համար մշտական ոգեշնչման աղբյուր է հանդիսանում ճարտարապետությունը: Հավաքածուի նմուշներում հստակ կերպով ընթերցվում են ավանգարդ եւ կոնստրուկտիվ ձեւերը: Դիզայների համար բնորոշ զգեստների անսովոր կտրվածքը պահպանում է բաճկոնների եւ վերարկուների հստակ երկրաչափությունը: Հատակին թափվող զգեստները, որոնք տարբեր մշակույթների արձագանքներ են թաքցնում, լրացվում են ազատ քաշմիրե վերարկուներով:

Այդ կերպ էլ ծնվել է կնոջը, նրա ներքին գեղեցկությունը եւ ուժը գովերգող հավաքածու: Մարտի վերջին այն ցուցադրվելու է նաեւ Մոսկվայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին է ներկայացրել Vardoui Nazarian բրենդը:



© NEWS.am STYLE