Քանյե Ուեսթը բացատրել է, թե ինչու է սատարում Թրամփին

11:33   21 նոյեմբերի, 2016

Քանյե Ուեսթը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել: Չնայած ի՞նչ Քանյե Ուեսթ՝ առանց սկանդալի: Նման բան չի կարող լինել:

Օրերս Սան Խոսեում կայացած համերգի ժամանակ 39-ամյա ռեփերը լեփ-լեցուն դահլիճում հայտարարել էր նախագահական ընտրություններում Թրամփին սատարելու մասին:

Միաժամանակ, Քանյեն նշել էր իր դիրքորոշումները, որոնցից ոչ մի դեպքում չի հրաժարվելու:

«Ես ուզում էի այս մասին հայտարարել նաեւ ընտրություններից առաջ, բայց շատերն ինձ խորհուրդ էին տալիս չխոսել այդ մասին։ Թրամփի ընտրարշավում ինձ շատ բան էր դուր գալիս։ Նրա մոտեցումը հանճարեղ էր, քանի որ այն աշխատեց։ Բայց դա չի նշանակում, որ ես թքած ունեմ սեւամորթների խնդիրների վրա, չի նշանակում, որ ես թքած ունեմ կանանց խնդիրների վրա, եւ չի նշանակում, որ ես չեմ հավատում նույնասեռական ամուսնություններին»,- ասել է Քանյեն։

Ավելի ուշ ռեփերի շրջապատի աղբյուրը TMZ-ի հետ զրույցում բացատրել էր Քանյեի դիրքորոշումը:

«Քանյեն կարծում է, որ Թրամփը խելացի մարդ է, որը կարողացավ ստեղծել ֆենոմեն, որի մասին մարդիկ խոսում են: Թրամփի մասին խոսում են: Եվ հետո ասում են, որ նա մատնանշում է խնդիրներ, որոնք կոնֆլիկտ են առաջացնում հանրության մեջ: Նա չի վախենում մատնանշել դրանք: Թրամփը դուր է գալիս Քանյեին, քանի որ Դոնալդը, նշելով հանրության մեջ առկա կոնֆլիկտները, այնպես է անում, որ մենք մտորենք դրանց մասին եւ սկսենք ինչ-որ բան փոխել: Բայց դա չի նշանակում, որ Քանյեն սատարում է, ասենք, մեքսիկացիների եւ մահմեդականների դեմ Թրամփի հայտարարությունները»,- նշել է աղբյուրը:



© NEWS.am STYLE