Metallica-ի նոր ալբոմը՝ «Hardwired... To Self Destruct». NEWS.am STYLE-ի տեսությունը

16:45   21 նոյեմբերի, 2016

Ճիշտ է, NEWS.am STYLE-ը հազվադեպ է ուշադրություն դարձնում ռոք երաժշտությանը, սակայն Metallica-ի նոր ալբոմի թողարկումը չէինք կարող բաց թողնել: Սա, ամեն դեպքում, լեգենդար մասշտաբի իրադարձություն է: Նոր կոմպոզիցիաների մասին գրագետ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք մեր ընկերոջը՝ երաժիշտ Արտյոմ Հարությունյանին: Նրա մեկնաբանությունները, որոնք երկու ձեռքով սատարում ենք եւ ստորագրում յուրաքանչյուր բառի տակ, ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:

Ռոք երաժշտության սիրահարների տեսահորիզոնից Metallica լեգենդար խումբը վաղուց է անհետացել: Անհետացավ այն բանից հետո, երբ «դրայվը» մարեց, ագրեսիան գնաց, որին փոխարինելու եկան Load-ի նման ալբոմները: Իրադրությունը խորացավ, երբ դաշնամուրային ակորդներով գրվեց The Unforgiven 3 երգը:

Այս ամենը խոսակցություններ ծնեց այն մասին, որ խմբի ստեղծագործական վերջը եկել է, քանի որ երկրպագուներն այլ ոճի, մթնոլորտի էին սովոր:

Եվ ահա նոյեմբերի 18-ին թողարկվեց խմբի նոր ալբոմը՝ Hardwired... To Self Destruct...

Առաջին իսկ ակորդից երաժշտությունը բռնեց օձիքից եւ «Garage» նետեց:

Նույնիսկ խմբի ստեղծագործությունների երկրպագուն չլինելով՝ հասկանում ես, որ սա հին եւ բարի հնչողությունն է, որի պակասն այդքան զգացվում էր:

Ինքնաբերաբար ուրախանում ես, որ տղաները չեն մոռացել ակունքների մասին: Նրանք ամեն ինչ հիշում են եւ հրաշալի հասկանում, որ կարիերայի ընթացքում այնքան բան են վաստակել, որ նույնիսկ թոռներին կհերիքի:

Հիմա արդեն ժամանակն է ստեղծել այն, ինչի համար միլիոնավորները սիրեցին նրանց:

Եվ նույնիսկ կարեւոր չէ, որ Ջեյմս Հեթֆիլդն արդեն կորցրել ագրեսիան ձայնում, Քիրք Հեմեթն ավելի ու ավելի սխալ նոտաներ է վերցնում սոլո-պարտիաներում, Լարս Ուլրիխի պարտիաներն այնքան էլ հզոր չեն, եւ միայն Ռոբերտ Տրուխիլյոն է աշխատում ժամացույցի նման՝ չնայած Օզզիի դպրոցից այլ բան չէր էլ սպասվում: 

Եվ ահա պարադոքսը. ալբոմը, որը թարգմանաբար կոչվում է «Ծրագրված է ինքնաոչնչացման», իրականում ծրագրվում է վերածննդի համար:

Այն ամենի վերածննդի, ինչ եղել է մինչեւ 1995 թվականը: Եվ սա արդեն ոչ թե խղճուկ, այլ «Սուրբ ցասում է»:

 

Եվ նույնիսկ կարեւոր չէ, որ Ջեյմս Հեթֆիլդն արդեն կորցրել ագրեսիան ձայնում, Քիրք Հեմեթն ավելի ու ավելի սխալ նոտաներ է վերցնում սոլո-պարտիաներում, Լարս Ուլրիխի պարտիաներն այնքան էլ հզոր չեն, եւ միայն Ռոբերտ Տրուխիլյոն է աշխատում ժամացույցի նման՝ չնայած Օզզիի դպրոցից այլ բան չէր էլ սպասվում: 



© NEWS.am STYLE