Այնտեղ բոլորն էլ ցանկանում էին լինել առաջին տեղում. Մերի Վարդանյանը`«Մանկական Եվրատեսիլի» եւ երկրորդ հորիզոնականի մասին

10:25   22 նոյեմբերի, 2016

Ժամեր առաջ «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը վերադարձավ Մալթայից, որտեղ օրերս կայացած մրցույթի ընթացքում Հայաստանը զբաղեցրեց երկրորդ տեղը:

Մեր պատվիրաներին դիմավորելու էին եկել մտերիմները, երկրպագուները եւ, պարզապես, մարդիկ, որոնք ոգեւորված հետեւում էին «Մանկական Եվրատեսիլի» ողջ ընթացքին:

NEWS.am STYLE-ը եւս օդանավակայանում ողջունեց մեր պատվիրակ Մերի Վարդանյանին, որը, սակայն, ժամանել էր առանց մեր մյուս մասնակից Անահիտ Ադամյանի.

«Անահիտն այս պահին Սոչիում է` շատ կարեւոր գործերով: Սակայն շուտով նա եւս կվերադառնա հայրենիք»,-նշեց Մերին՝ ավելացնելով, որ շատ ուրախ է վերադարձի համար, քանի որ իր իսկ խոսքով՝ շատ էր կարոտել Հայաստանը:

Մեր փոքրիկ ներկայացուցիչը խոսեց նաեւ մրցույթից ստացած տպավորությունների մասին.

«Հուսով եմ՝ լավ ներկայացրեցինք մեր Հայաստանը: Իհարկե, բոլորն էլ այնտեղ ցանկանում էին լինել առաջին տեղում, բայց երեւի այս տարի այսպես էլ պետք է լիներ: Իմ կարծիքով` մյուս տարի մենք արդեն կհաղթենք»:

Մերին նշել էր, որ «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելն իր համար, իսկական, երազանք է: Մենք էլ հետաքրքրվեցինք` արդյոք եվրատեսիլյան բեմն արդարացրե՞ց աղջկա բոլոր սպասելիքները.

«Միշտ երազել եմ ելույթ ունենալ այդ բեմի վրա եւ ներկայացնել իմ հայրենիքը «Եվրատեսիլում»: Այո, իմ երազանքը կատարվեց: Ես հասա իմ ուզածին»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը կայացավ նոյեմբերի 20-ին` Մալթայում: Մեր պատվիրակները մրցույթին ներկայացրեցին Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը` ժյուրիի կողմից արժանանալով 232 միավորի, ինչի արդյունքում զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը: Այս տարի մրցույթի հաղթող դարձավ Վրաստանը:

 

 

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE