Մեր երեխաները հաղթել են մանուկների աշխարհում. Գոհար Գասպարյանը` «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի գրանցած արդյունքի մասին

11:05   22 նոյեմբերի, 2016

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը գոհ է մրցույթում Անահիտ Ադամյանի եւ Մերի Վարդանյանի ելույթից եւ գրանցած արդյունքից: Այս մասին Գոհարը օդանավակայանում պատմեց NEWS.am STYLE-ին` խոսելով նաեւ հետնաբեմում տիրող հույզերի եւ աղջիկների կախարդական շոուի մասին:

«Այն, ինչ պլանավորել էինք, աղջիկներն իրականացրեցին բեմի վրա: Ինչպես տեսաք` ունեինք նաեւ աճպարարական հնարք: Ամեն ինչ մտածված էր այնպես, որ նրանք բացի զարմացնելուց` կարողանային նաեւ լավ ելույթ ունենալ: Այս անգամ էլ մեր երեխաները պատվով ներկայացրեցին Հայաստանը եւ պատվով կատարեցին իրենց աշխատաքը»,-նշեց նա` հավելելով, որ մեր պատվիրակները բոլորին զարմացրել էին թե իրենց ձայնային տվյալներով, թե հետաքրքիր շոու-ծրագրով.

«Բոլորը մոտենում եւ հետաքրքրվում էին, թե ինչպես էինք պատրաստել այդ շոուն, ինչպես էին աղջկները րոպենեների ընթացքում փոխում իրենց հագուստը: Բայց դա կախարդական հնարք էր: Մեզ հետ էին նաեւ Սոս եւ Վիկտորիա Պետրոսյանները, նրանք եկել էին մեզ ոգեւորելու, ինչի համար անչափ շնորհակալ ենք»:

Գոհարից հետաքրքրվեցինք նաեւ` արդյոք դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունեցավ վերջնական արդյունքի վրա հեռուստադիտողի քվեարկության բացակայությունը.

«Դա խոսում էր այն մասին, որ պայքարն, իրականում, ավելի բարդ էր, եւ մասնակիցները պետք է կարողանային գրավել ոչ միայն ժյուրիին, այլեւ երեխաներին, որոնք հենց իրենց ոլորտից էին: Ի դեպ, երեխաների քվեարկությամբ մեր աղջիկները եղել են առաջին հորիզոնականում: Փաստորեն, մեր շոուն եղել է առաջատար: Վրաստանը հաղթեց, որովհետեւ իրոք շատ գեղեցիկ ձայնով ներկայացուցիչ ուներ, սակայն նա ավելի շատ ձայներ ստացել էր մեծերի ժյուրիի կողմից: Կարելի է ասել` մեր երեխաները հաղթել են մանուկների աշխարհում»,-նշեց հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Սյունե Առաքելյան 

 

 



© NEWS.am STYLE