Կցանկանայի, որ մեր հարեւան երկրները ավելի շատ միավորներ տային մեզ. Նիկ Էգիբյանը՝ «Մանկական Եվրատեսիլի» արդյունքների մասին

12:15   22 նոյեմբերի, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ժամեր առաջ «Մանկական Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը վերադարձել է Հայաստան: Այս տարի մեր պատվիրակներին ուղեկցում էր նաեւ «Տարբեր» երգի համահեղինակ Նիկ Էգիբյանը, որը NEWS.am STYLE-ին պատմեց իր տպավորությունների եւ երեխաների հաղթահարած դժվարությունների մասին.

«Հենց գնացինք այնտեղ, Անահիտը հիվանդացավ, ձայնը կորցրեց եւ մինչեւ 8-րդ օրը չգիտեինք` ինչ է կատարվելու, բայց վերջին երկու օրերի ընթացքում նա հավաքվեց, եւ մենք լավ ելույթ ունեցանք»,-նշեց երաժիշտը, որն, իհարկե, գոհ է զբաղեցրած երկրորդ հորիզանականից.

«Ընդամենը 7 միավոր մեզ բաժանեց առաջին հորիզոնականից: Իհարկե, գոհ ենք, բայց կցանկանայի, որ մեր հարեւան երկրները մի քիչ ավելի շատ միավորներ տային մեզ»:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է կարծում Նիկը Վրաստանի ներկայացուցչի երգի մասին եւ համաձա՞յն է արդյոք նրա հաղթանակի հետ:

«Վրաստանի մասնակցի ելույթի մասին անհնար է որեւէ բացասական բան ասել, որովհետեւ իդեալական կատարում էր, բայց եկեք հաշվի առնենք այն փաստը, որ նա դանդաղ երգ է ներկայացրել, չի պարել, շոու չի ունեցել, այսինքն` այնքան էլ եվրատեսիլյան չէր, բայց վոկալային առումով, իսկապես, ոչ մի բացասական բան չեմ կարող ասել»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2016»-ը կայացավ նոյեմբերի 20-ին` Մալթայում: Մեր պատվիրակները մրցույթին ներկայացրեցին Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը` ժյուրիի կողմից արժանանալով 232 միավորի, ինչի արդյունքում զբաղեցրեցին 2-րդ հորիզոնականը: Այս տարի մրցույթի հաղթող դարձավ Վրաստանը:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE