«Աղոթենք Քանյեի համար». երկրպագուները սոցցանցերում սատարել են հիվանդանոց տեղափոխված ռեփերին

14:07   22 նոյեմբերի, 2016

Քանյե Ուեսթն այսօր հիվանդանոց է տեղափոխվել: 39-ամյա ռեփերին հյուծում են ախտորոշել: Երաժիշտը Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում է, ուր Նյու Յորքից շտապել է նաեւ Քիմ Քարդաշյանը: Փարիզի կողոպուտից հետո հայուհին այստեղ պետք է առաջին անգամ պաշտոնապես ներկայանար հանրությանը:

Երեկ երեկոյան Նյու Յորքում անցկացվել է Angel Ball-ը, որն ամեն տարի կազմակերպում է քաղցկեղային հիվանդությունների հետազոտությամբ զբաղվող Gabrielle's Angel Foundation for Cancer Research հիմնադրամը: Միջոցառմանը հարգել են նաեւ Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը, այդ պատճառով Նյու Յորքում էին նաեւ Քորթի, Քլոե Քարդաշյաններն ու նրանց մայրը՝ Քրիս Ջեները:

Մինչ այդ, Քանյե Ուեսթի երկրպագուները սոցցանցերում #PrayForKanye հեշթեգն են գործարկել եւ կոչ են արել աղոթել Քանյեի համար:

«Քանյեն այսօր հիվանդանոց է տեղափոխվել: Եկեք աղոթենք նրա համար»,- գրել է օգտատերերից մեկը:

«Քանյեն հիվանդանոցում է: Լուրը կործանեց օրս»,- գրել է մեկ այլ օգտատեր:

«Քանյեի երաժշտությունը փոխել է իմ կյանքը, եւ ինձ դուր են գալիս նրա հավակնությունները: Պետք չէ չարախնդալ նրա առողջական խնդիրների պատճառով: Կազդուրվի՛ր»,- գրել է երրորդը:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE