Հայտնի լրագրող. «Քարդաշյանների հետ կապվելուց հետո Քանյե Ուեսթը վաղ թե ուշ պետք է խելագարվեր»

11:35   23 նոյեմբերի, 2016

Ով չի ալարում, քննարկում է Քանյե Ուեսթի հիվանդանոց տեղափոխվելու հարցը: Չենք զարմանա, եթե այդ առիթով շուտով իրենց կարծիքը հայտնեն Օբաման կամ Թրամփը:

Հիշո՞ւմ եք, երբ Փարիզում Քիմին կողոպտեցին, բրիտանացի հայտնի լրագրող Փիրս Մորգանը հայուհու թիկնապահին՝ Պասկալ Դյուվյեին մեղադրեց ոչ պրոֆեսիոնալ մոտեցման համար եւ Քանյե Ուեսթին խորհուրդ տվեց աշխատանքից ազատել նրան (ինչը, ի դեպ, Քանյեն հետագայում արեց):

Հիմա Փիրսը մեկնաբանել է 39-ամյա ռեփերին հիվանդանոց տեղափոխելու լուրը:

«Ինձ չզարմացրեց այն, որ Քանյեն հիվանդանոցում հայտնվեց: Ինչպես շատերը, ես էլ նկատել եմ, որ վերջին մեկ տարին Քանյեն իրեն ոչ ադեկվատ է պահում: Իհարկե՝ նա միշտ ամեն ինչ արել է այնպես, ինչպես ուզել է: Իր կանոններով է ապրել, սադրել է՝ ում եւ ինչպես ցանկացել է, եւ անմիջապես հայտնվել թերթերի, ամսագրերի եւ կայքերի առաջին էջերում: Եվ այս ամենը բացատրել սոցցանցերում՝ պնդելով, որ ինքը հանճար է, իրեն չեն հասկանում:

Վերջին շաբաթն ընդհանրապես սարսափելի էր. համերգներից մեկի ընթացքում նա հայտարարեց Թրամփին սատարելու մասին, մյուսում՝ «հարձակվեց» Բեյոնսեի եւ Ջեյ Զիի վրա, իսկ երրորդ համերգն ընդհանրապես չեղարկեց՝ հայտարարելով, որ իրեն հանգիստ է պետք: Մեկ ժամ անց էլ հայտարարեց, որ ընդհանրապես մինչեւ տարեվերջ չեղարկում է համերգային շրջագայությունը:

Բայց ես կարծում եմ, որ նա աշխատամոլությամբ չի տառապում եւ հյուծված չէ: Նա տառապում է փառքին կապվածությունից:

Առանց այն էլ նա հայտնի էր, բայց խելքին փչեց ամուսնանալ Քիմի հետ եւ ռեալիթի շոուի դժոխքում հայտնվել: Իսկ նման շինծու աշխարհից դուրս գալու հնարավորություն չկա: Ռեալիթի շոուն մեկ խնդիր ունի. «Տես, թե ինչ կատարյալ աշխարհում եմ ես ապրում»:

Քարդաշյանների հետ կապվելուց հետո Քանյե Ուեսթը վաղ թե ուշ պետք է խելագարվեր:

Ոչ ոք չի դիմանա Քարդաշյաններին, քանի որ ինքնագովազդի, եսակենտրոն պահվածքի, բացարձակապես ամեն ինչով մշտապես գումար վաստակելու մեքենան երբեք չի անջատվում: Քանյե Ուեսթը պարտավոր չէ այս ամենի մաս կազմել: Բայց նա կարող է կանգ առնել, քանի որ Քարդաշյանների կլանը հիվանդ է նույն հիվանդությամբ, ինչ ինքը՝ փառքով: Նրանք ուզում են նվաճել մոլորակը, բայց դա հիմարություն է, չէ՞ որ բոլորս էլ մեռնելու եւ գնալու ենք: Ով էլ լինես՝ Կլեոպատրա, Մերիլին Մոնրո, Աբրահամ Լինքոլն կամ Քանյե Ուեսթ, վերջում ընդամենը մահախոսական ես որեւէ պարբերականում:

Չի կարելի սեփական կյանքը ռեալիթի շոուով վաճառել: Քո կյանքը սկսում են շոուի հետ ասոցացնել, եւ այնպիսի բաներ, ինչպիսին են հիվանդանոցը կամ Քիմի կողոպուտը, որն իհարկե սարսափելի է, շատերի մոտ չարախնդություն է առաջացնում, քանի որ ձեզ արդեն լուրջ չեն ընկալում: Արթնացի՛ր, Քանյե, եւ իրականություն վերադարձիր: Դու խոստացել էիր սերնդի ձայնը լինել, բայց առայժմ պարզապես աղմուկ ես, որը ձանձրացրել է մեզ»,- բրիտանական Daily Mail-ում գրել է Փիրսը:



© NEWS.am STYLE