Գոհար Ավետիսյանի հարսանիքին Երեւան եկած ադրբեջանուհի ոճաբանը՝ հայրենիքում բացասական արձագանքի մասին. «Ախր դուք մարդ եք, ոչ թե ոչխարների հոտ»

16:02   23 նոյեմբերի, 2016

Մոսկվաբնակ ոճաբան Գոհար Ավետիսյանն օրերս Հայաստանում ամուսնացավ՝ շքեղ հարսանիք անելով երկրի բարձրակարգ ռեստորաններից մեկում: Ընկերուհուն շնորհավորելու համար Հայաստան էր ժամանել ադրբեջանցի ոճաբան Նազիլյա Մեխտիեւան, ինչին արձագանքել են մեր հարեւան պետությունում:

Ի պատասխան՝ Նազիլյան Instagram-ում հրապարակմամբ քննադատել է իր հասցեին բացասական արձագանքները:

«Բարի լույս բոլորին: Իմ այսօրվա գրառումը նվիրվում է սկանդալներին, ինտրիգներին եւ հետաքննություններին: Չգիտեի, որ նման բուռն արձագանք կառաջացնեմ ադրբեջանցիների եւ լրատվամիջոցների մոտ: Պատասխանեմ բոլորին եւ միանգամից: Ես ծնվել եմ Ռուսաստանում, ՌԴ քաղաքացիություն ունեմ: Ես կարող եմ հանգիստ Ադրբեջան եւ Հայաստան գնալ, եւ ոչ մեկը ոչինչ չի ասի, ամեն ինչ լավ է, պետք չէ ոչինչ հորինել: Կարող էի այս գրառումը չանել (բայց իսկապես բավական է), պարզապես զայրացրեց այն, որ իմ ընտանիքին եւ երեխաներին դիպչեցիք: Եվ այո, ես զտարյուն ադրբեջանուհի եմ, իսկ այն, որ Երեւան եմ գնացել՝ ընկերուհուս հարսանիքին, չեմ կարող հասկանալ, թե ի՞նչ կա դրա մեջ: Իսկ այն, որ քաղաքական գործիչները, մարզիկներն ու սովորական մարդիկ գնում են այնտեղ, այդ մասին լռում եք: Հանգստացեք արդեն, կրկես մի սարքեք, ախր դուք մարդ եք, ոչ թե ոչխարների հոտ, ավելի բարի եղեք եւ ձեր կարծիքն ունեցեք, քաղաքականությունից կախված մի եղեք:

Ինչե՞ր եք խոսում: Ձեզ ի՞նչ, ես ուր եւ ինչու եմ գնացել: Ժողովուրդ, ձեր կյանքով ապրեք: Այն, որ ես գնացել եմ այնտեղ, իմ իրավունքն է: Իմ ընկերուհու հարսանիքն էր, կներեք, բայց ինձ թվում է, որ նվաստացուցիչ է ընկերուհիների, ընկերների ընտրել՝ ըստ ազգության: Եթե լավ մարդ է, բայց հայուհի է, ուրեմն վե՞րջ: Նրա հետ չի՞ կարելի շփվել, ընկերություն անել: Այդ մարդն անձամբ ձեզանից հողեր խլե՞լ է: Նա զինվորների սպանե՞լ է: Վերջացրե՛ք: Բոլորս էլ մեր ժողովուրդների միջեւ հանգստություն, խաղաղություն ենք ուզում: Իսկ դուք իմ վրա ցեխ եք շպրտում: Հիմա ինքներդ կարդացեք, թե ինչեր եք գրել: Ես այդքան վատն եմ, որ Երեւան եմ գնացել՝ ընկերուհուս հարսանիքին, իսկ դուք բոլորդ լա՞վն եք: Նախ տեսեք, թե ինչ կեղտ է թափվում ձեր բերանից»,- գրել է Նազիլյան:

 



© NEWS.am STYLE