Օբաման Քայլի Ջեներին «Ազատության շքանշան» է շնորհել. կեղծ լուսանկարը «պայթեցրել» է համացանցը

13:35   25 նոյեմբերի, 2016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շոու բիզնեսի ներկայացուցիչներին պարգեւատրել է «Ազատության շքանշան»-ով, որն ԱՄՆ-ում քաղաքացիական անձանց շնորհվող երկու բարձրագույն պարգեւներից է եւ տրվում է «ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ շահերի պաշտպանության, աշխարհում խաղաղությանն աջակցության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ աշխարհի հասարակական եւ մշակութային կյանքում ներդրման համար»:

Պատվավոր պարգեւների են արժանացել Էլեն Դեջեներեսը, Դայանա Ռոսը, Մայքլ Ջորդանը, Թոմ Հենքսը, Ռոբերտ դե Նիրոն, Բիլ Գեյթսը եւ այլ հայտնիներ:

Իսկ երեկ համացանցը «պայթեցրել է» Քայլի Ջեների լուսանկարը, որն Օբամայից շքանշան է ստանում:

«Աստված իմ, չէի կարծում, որ դա տեղի կունենա: Շնորհավորում եմ, Քայլի»,- գրել է օգտատերերից մեկը:

«Սա կատա՞կ է: Եթե ոչ, ապա ուրախ եմ նրա համար»,- հավելել է Քայլիի երկրպագուներից մեկը:

Համացանցում սկսել են բուռն կերպով քննարկել լուրը: Շատերը պնդում են, որ զարմացած են, ինչի՞ համար է Քայլին շքանշան ստացել:

«ԱՄՆ-ն խելագարվել է: Հանուն ինչի՞ են Քայլիին «Ազատության շքանշան» տալիս»,- գրել է զայրացած օգտատերերից մեկը:

Լուսանկարը Twitter-ում հրապարակել է reeshi կեղծանունով ոմն օգտատեր: Այն ֆոտոշոփի արդյունք է, արված է ԱՄՆ նախագահից շքանշան ստացած Բարբարա Սթրեյզանդի լուսանկարից:

«Լռե՛ք, վերջապես, մեռնում եմ ծիծաղից, թավալվում եմ հատակին»,- իր միկրոբլոգում լուսանկարը մեկնաբանել է Քայլին:

 

Աղբյուրը՝ Daily Mail

 



© NEWS.am STYLE