10:31 28 նոյեմբերի, 2016Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում կայացավ տարվա ամենահեքիաթային եւ սպասված միջոցառումներից մեկը՝ Forpostart production-ի կազմակերպած Kings on Ice Presents Fashion on Ice շոուն, որի անվանումից արդեն պարզ է, որ բացի սառույցի արքաների գեղեցիկ ելույթներից՝ կայացավ նաեւ նորաձեւության ցուցադրություն՝ հայտնի բրենդների մասնակցությամբ:
Ինչպես եւ սպասվում էր՝ երեկոյի կիզակետում էին Եվգենի Պլյուշչենկոն եւ Ադելինա Սոտնիկովան, որոնք արդարացրեցին հայ հանդիսատեսի սպասելիքները՝ ներկայանալով շքեղ ելույթներով:
Համերգի անակնկալներից մեկը «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն էր: Հայտնի գեղասահորդին համարի ընթացքում նվագակցում էին երգիչ Հայկոն եւ ջութակահար Էդգար Հակոբյանը: Հուզիչ ելույթից հետո գեղասահքի լեգենդը նշեց.
«Սրտանց եմ պատրաստվել այս ծրագրին: Մենք բոլորս հիշում ենք այս աղետը եւ այն մարդկանց, որոնք զոհվեցին ավերիչ երկրաշարժի հետեւանաքով: Այս համարով ցանկանում էի ցույց տալ, որ կյանքը շարունակվում է եւ մենք ապրում ենք մեր երեխաների շնորհիվ, ապրում ենք հանուն նրանց եւ հանուն ապագայի: Խաղաղություն եմ մաղթում բոլորիս»:
Շոուի ընթացքում հայ հանդիսատեսի համար ելույթ ունեցան նաեւ Ֆլորան Ամոդիոն, Նիկիտա Միխաիլովը, Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Ալյոնա Վասիլեւան, Քսենոնան, Սոնան եւ այլք:
Ամենասպասված սառցե իրադարձության ամենահետաքրքիր պահերին ու աստղային ելույթներին կարող եք հետեւել NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութերի միջոցով:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի