Սիրիահայ կինոռեժիսոր Ավո Գաբրիելյանը՝ Տորինոյի կինոփառատոնի մրցանակակիր

17:35   28 նոյեմբերի, 2016

Սիրիահայ կինոռեժիսոր Ավո Գաբրիելյանը (Ավո Կապրեալյան) մրցանակակիր է դարձել իտալական Տորինոյի 34-րդ միջազգային կինոփառատոնում: Նոյեմբերի 18–ից 26–ը կայացած փառատոնին երիտասարդ եւ տաղանդավոր ռեժիսորի «Առանց դռների տները» վավերագրական ֆիլմը ֆրանսիացի եւ գերմանացի արտիստներից կազմված ժյուրիի կողմից արժանացել է լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ մրցանակին՝ 5000 եվրո գումարի տեսքով:

Ֆիլմում 30-ամյա կինոռեժիսորը ցույց է տալիս Հալեպի պատերազմական առօրյան եւ կյանքը՝ զուգահեռներ տանելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետ:

Ֆիլմը մրցանակ է ստացել հատկապես այն արժանիքի համար, որ ռեժիսորն իր տան պատշգամբից նկարահանել եւ ցուցադրել է, թե ինչպիսին է աշխարհը, եւ մեկ անգամ եւս ապացուցել, որ հայերն ու սիրիացիները նույնպես մարդիկ են եւ պայքարում են մարդկությանը օգնելու համար:

Նշենք, որ Ցեղասպանություն վերապրած, Սիրիայում ապաստան գտած Գաբրիելյանների ընտանիքը այժմ տեղափոխվել է Լիբանան:



© NEWS.am STYLE