Հայ աստղերը մոդայիկ են, բայց ոճ չունեն

15:01   22 հոկտեմբերի, 2012

Երևանում հոկտեմբերի 25-ին կկայանա «Ամորե հոլդինգի» կազմակերպած «Style Screen»-ը, որին օժանդակում է Հայաստանում Իտալիայի դեսպանությունը։ Հիմնական խնդիրն է յուրօրինակ ոճով մարդկանց գտնելը։

«Life style»-ը ոչ միայն հագուստն ու սիրելի բրենդերն են։ Դա պահելաձեւն է, խոսելու ձեւը եւ ոճի զարգացած զգացողությունը։ «Life Style»-ի ժամանակ այս տարի ոչ միայն նախագծի մասնակիցների մրցանակաբաշխություն կլինի, այլեւ բարեգործական դրամահավաք կանցկացնենք՝ «Ամորե հոլդինգի» կաշվե ժամանակակից իրերի վաճառքից եւ նվիրատվություններից՝ որպեսզի օգնենք Արմեն Ջիգարխանյանին իրագործել «Քաջ Նազարի» բեմադրությունը, - այսօր, հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին։

Իր հերթին, «Ամորե Հոլդինգի» նախագահ Աննա Սանտոպադրեն հայտնեց, որ «Style Screen»-ը Հայաստանում արդեն երրորդ անգամ է տեղի ունենում։ Անցած տարիներին  բարեգործական նպատակներով հավաքված միջոցներն ուղղվել են տարբեր բարեգործական հիմնադրամներ։ «Այն գումարը, որը պետք է Արմեն Բորիսովիչին, շատ է, բայց դա մեծ դերասեան վաղեմի երազանքն է, եւ մեզ համար պատիվ կլինի այն իրագործելը», - լրագրողներին վստահեցրեց Սանտոպադրեն։

Իսկ «Ամորե հոլդինգի» գործընկերներից մեկը, Կարինա Դնոյանը, կարծում է, որ «Style Screen»-ը շատ կարևոր է Հայաստանի համար։ Նրա խոսքով, վերջին ժամանակներս հայերը ժամանակակից են հագնվում, բայց ոճի զգացողություն դեռեւս ձեռք չեն բերել։ «Հատկապես լուրջ է այս հարցում երիտասարդության վիճակը՝ նրանք օրինակ են վերցնում էստրադայի եւ հեռուստատեսության աստղերին, իսկ վերջիններս էլ շատ հաճախ իրենց գործունեության տեսակի համար անթույլատրելի սխալներ են անում»,-ասաց Կարինա Դնոայնը։



© NEWS.am STYLE